‹‹Քաղաքապետարանն իր խնդիրները լուծելու համար կոռուպցիոն ուղիներով միջոցներ է ներգրավում, բայց երբ գալիս է Նոր տարին, ասում ենք՝ դե ոչինչ, ճոխ անենք››. Դավիթ Խաժակյան

Կառավարության կողմից ամանորյա ծախսերի համար գումար հատկացնելը նման է այն դեպքին, երբ ընտանիքը կենցաղային խնդիրներ ունեի, բայց վարկ է վերցնում, որպեսզի Նոր տարվա սեղանի համար անպայման խոզի բուդ գնի։ Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Մենք ավելի քան 300 մլն դրամ ենք տրամադրում, որ քաղաքի տոնակատարություններն ապահովենք, ինչը որևէ կերպ լավ բան չէ։ Տարակուսելի է, երբ կարևոր պահին պետք է քաղաքին միջոց, կոմունալ գույք տրամադրենք՝ գնում, մասնավորից ենք առնում, բայց այս դեպքում կարող ենք մեր միջոցներով անել»,- ասաց նա։

«Երեկ իմ ելույթում ասել էի, որ այստեղ նյութական շահը քաղաքապետինը և քաղաքապետի տեղակալինն է։ Հետո շատ հանգիստ կերպով ընդունեցի, որ այդ դիտարկումս անհաջող էր, և ես չեմ խորշում իմ բացթողումների մասին խոսելիս, բայց դրանից հարցի բուն էությունը չի փոխվում»,- նշեց նա։

Դավիթ Խաժակյանը ներկայացրեց, որ հարցի էությունն այն է, որ կառավարչական ձախողումը քողարկելու համար իրականացվեց այս գործարքը։ Նրա խոսքով՝ սա օրինակ է այն բանի, որ քաղաքապետարանը շինթույլտվությունների դիմաց նյութական ծառայություն է ուզում:

«Սա քաղաքական կոռուպցիա է։ Մնացած բոլորը, ինչի մասին հստակ պնդումներ չենք անում՝ կոռուպցիոն ռիսկեր են։ Թե էլ ինչ կա դրանց տակ, կարծում եմ՝ իրավապահները կպարզեն»,- ասաց նա և հավելեց, որ այս հարցերն այսօր քննարկվող հարցի հետ անմիջականորեն կապված են։

«Փաստացի  ասում ենք՝ դե խնդիր ունենք, քաղաքապետը, կոմունալ, տնտեսության խնդիրները լուծելու միջոցներ ներգրավեց, բայց հենց գալիս է Նոր տարին ասում ենք՝ դե ոչինչ, այս անգամ ճոխ Նոր տարի անենք։ Այս քաղաքական տրամաբանությունն անհասկանալի է, դա չի բխում մեր քաղաքի զարգացումից»,- ասաց նա և հավելեց, որ «Լույս» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։

 

Այս թեմայով
am