Դատարանը Ֆիլիպ Կիրկորովին պարտավորեցրել է 651 000 եվրո վճարել լատվիական բանկին

Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը մասամբ բավարարել է լատվիական ABLV բանկի ներկայացրած քաղաքացիական հայցը, որը պահանջում էր ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովից գանձել մոտ 4 մլն եվրո՝ հիփոթեքային վարկի համար, ներառյալ՝ տուգանքը, տոկոսները և այլն: Այժմ արտիստը բանկի օգտին պետք է վճարի 651 000 եվրո գումար: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է արտիստի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին:

Փաստաբանի խոսքով` բանկը հիփոթեքային վարկի համար Կիրկորովից տուգանքն ու տոկոսները ներառյալ 3,9 միլիոնի եվրոյի չափով գումար է պահանջել:

«Որոշումը կայացվել է. 651 հազար եվրո` 4 միլիոն եվրոյի փոխարեն` չհաշված մոտ 20 000 եվրոյի չափով տոկոսները»,- մանրամասնել է պաշտպանը:

Դոբրովինսկին հավելել է, որ երգչի փաստաբանները բանկին համաձայնության առաջարկ են արել, սակայն վերջինս հրաժարվել է:

Ֆիլիպ Կիրկորովի դեմ հայցը ներկայացվել էր սեպտեմբերին: Այդ ժամանակ աստղի փաստաբանը հայտնել էր, որ երգչի դեմ դատական հայց ներկայացրած բանկը փակվել է մոտ 1,5 տարի առաջ և «հիմա ինչ-որ անհեթեթ բաներից է խոսում»:

 

Այս թեմայով
am