ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից

Միացյալ Նահանգներն ավարտել է Սիրիայի հյուսիս-արեւելքում իր զորակազմի կրճատման եւ վերատեղակայման գործընթացը։ Ինչպես չորեքշաբթի երեկոյան Reuters գործակալության հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, Սիրիայում կմնա ընդամենը 600 ամերիկացի զինվորական, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Զինվորականների թիվը կմնա համեմատաբար կայուն այդ թվի շրջանակում։ Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել (ներկայությունը)»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նա, սակայն, չի բացառել Սիրիայում ամերիկացի զինվորականների թվի հետագա կրճատումը, եթե ԱՄՆ եվրոպական դաշնակիցներն ուղարկեն իրենց զինվորականներին։ «Կոալիցիան նորից շատ խոսում է (այդ մասին)։ Մենք կարող էինք տեսնել, որ որոշ դաշնակիցներ ցանկանում են ուղարկել իրենց զորքերը,- նշել է Էսփերը։- Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ երկիրը, որոշի մեզ 50 մարդ տալ, ես, գուցե, կարողանամ հետ կանչել (իմ) 50 մարդու»։

Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկյան զինվորականների դուրսբերման մասին Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության անցկացման շրջանից, բայց տեղեկացրել էր, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել վերահսկողությունը արաբական հանրապետության հյուսիս-արեւելքի նավթահանքերի հանդեպ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։

Reuters-ը նշում է, որ այդ ժամանակվանից Սիրիայում ամերիկացի զինվորականների թիվը կրճատվել է 40 տոկոսով՝ 1000 մարդուց մնացել է 600-ը։

Այս թեմայով
am