‹‹Ես կոչ եմ անում Աննա Հակոբյանին ավելի զուսպ լինել և այսուհետ հեռու մնալ Արցախից ու արցախյան հիմնահարցից››. Գագիկ Համբարյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համաժողովի ընթացքում ասել էր.

‹‹Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում:

Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը:

Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում››:

Այս թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

‹‹Ինձ համար շատ զարմանալի է տիկին Հակոբյանի արձագանքը Մեհրիբան Ալիևայի երազանքին: Նախ ասեմ, որ Աննա Հակոբյանը սկսել է  պատեհ-անպատեհ շատ միջամտել բոլոր տեսակի հայտարարություններին և գործերին՝ մոռանալով իր կարգավիճակը, ինքն ընդամենը ՀՀ վարչապետի տիկինն է, իսկ Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի առաջին փոխնախագահն է: Մեհրիբան Ալիևային պետք չէ վերաբերվել որպես Իլհամ Ալիևի կին, նա Ադրբեջանի թիվ երկրորդ պաշտոնյան է: Ընդհանրապես լավ կլինի տիկին Հակոբյանն իրեն ավելի զուսպ պահի՝ որպես ՀՀ վարչապետի տիկին, և չմիջամտի այլ երկրների ղեկավարների հայտարարությունները մեկնաբանելուն:

Աննա Հակոբյանը առաջարկում է Ալիևային այցելել Արցախ և այնտեղ լսել մուղամ, ո՞վ է իրեն թույլ տվել  այդպիսի հայտարարություն անել: Մեզ մոտ մուղամ լսել ընդունված չէ, դա թուրքերի և իրենց ադրբեջանցի անվանողների արվեստն է: Եթե տիկին Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ, ուրեմն Մեհրիբան Ալիևան Արցախում պետք է լսի Կոմիտաս, Արամ Խաչատրյանի երաժտություն, մեր ազգային այլ երգեր, ոչ թե մուղամ:

Եթե Աննա Հակոբյանը պետական մտածելակերպ ունենար, ապա այդպիսի հայտարարություններ չէր անի և փորձեր նման վտանգավոր հայտարարություններով աչքի ընկնել որպես խաղաղասիրության ջատագով:

Երբ տիկին Հակոբյանը գնա Բաքու և իրեն հայկական երաժշտություն մատուցեն, այդ դեպքում թող Ալիևային հրավիրի Արցախ և մուղամ դնի: Ես շատ խիստ կասկածում եմ, որ Աննա Հակոբյանը եթե հայտնվի Բաքվում, այնտեղ իրեն հայկական երաժշտություն կմատուցեն՝ որպես հյուրի:

Ես կոչ եմ անում Աննա Հակոբյանին այսուհետ հեռու մնալ Արցախից և արցախյան հիմնահարցից››,-ասաց Գագիկ Համբարյանը:

Աննա Բզնունի

 

Այս թեմայով
am