‹‹Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի մեկնարկը տրված է››. Արայիկ Հարությունյան

Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի Արախիշ համայնքի վարչական տարածքում ոչխարաբուծության զարգացման խոշորածավալ ներդրումային ծրագրի հաջող մեկնարկը տրված է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Նպատակ ունենալով Արցախում արմատապես փոխելու ոչխարաբուծության զարգացումը՝ բարերար եւ գործարար Իգոր Զարգարյանին խնդրել էի համալիր ներդրումային ծրագիր իրականացնել, որի հաջողված օրինակը կարեւոր նախապայման կհանդիսանա հետագայում պետական նպատակաուղղված  քաղաքականություն իրականացնելու համար:

Ուրախ եմ, որ հորդորս անարձագանք չի մնացել, եւ Իգորը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի Արախիշ համայնքի վարչական տարածքում սկսել է իր ներդրումային ծրագրի իրագործումը: Երեկ ենթաշրջան կատարած այցի ընթացքում ծանոթացել ենք կատարված աշխատանքին: Ասեմ, որ ոգեւորված եմ, քանի որ այն հաջող մեկնարկ է ունեցել, իսկ մասնագետները պնդում են, որ բնակլիմայական պայմանների առումով նույնպիսի շարունակություն է ունենալու»,- գրել է Հարությունյանը:

Ըստ Արցախի նախկին վարչապետի՝ Իգոր Զարգարյանը մեր հայրենասեր զավակներից է: Նրա աջակցությամբ Պաշտպանության բանակի կարիքների համար տարբեր ծրագրեր են իրականացվել: Այսօր աջակցությունը ներդրում է դառնում՝ Արցախի տնտեսությանը նպաստելու միտումով:

«Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր բոլոր բարերարները Արցախը որպես ներդրումների համար հուսալի միջավայր կընկալեն: Մեր յուրաքանչյուր շրջան իրացման մեծ ներուժ եւ հնարավորություններ ունի, եւ առաջիկա տարիներին բոլորիս խնդիրն է լինելու Աստծո կողմից մեզ տրվածը խամ ու խոպան չթողնել, վերածել առավելագույն արդյունքի, որպեսզի մեր հանրապետության յուրաքանչյուր ընտանիք ապահով համարվելու համար բավարար եկամուտ ունենա»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

 

Այս թեմայով
am