Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվել է Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագ

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ, որին ներկա են եղել բազմաթիվ հավատացյալներ:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի սուրբ պատարագ և նշվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Հայ քրիստոնյաները ողջունում են միմյանց «Քրիստոս ծնվեց և հայտնվեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս» արտահայտությամբ: Ի պատասխան հնչում է՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանն ասել է, որ տարբեր երկրների հայկական եկեղեցիներում կայացած ժամերգություններում հայ քրիստոնյաները նշում են Քրիստոսի ծնունդը ճրագալույցի արարողությամբ, որը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց մոգերին դեպի Քրիստոսը: Նրա խոսքով՝ այսօր Քրիստոսի լույսն են շաղախում նաև հայ ժողովրդի հոգում` երկրպագելով երկնային Տիրոջը. այդ ճրագը մատուցում են ժողովրդին՝ իրենց տները ևս Քրիստոսի լույսով լցնելու համար

:«Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը բաժանվում է ժողովրդին: Այն մեղքերից մաքրվելու, հիվանդներին բուժելու խորհուրդ ունի: Հին ժամանակներում այդ ջրից կաթեցնում էին պանրի ու յուղի կաթսանների, ամբարների մեջ՝ դրանց առատությունն ապահովելու հույսով: Ջրօրհնեքի արարողությանը հաջորդում է Տնօրհնեքը: Սուրբ Ծննդից հետո մեկ ամսվա ընթացքում եկեղեցու հոգևոր հովիվներն այցելում են մարդկանց տները և կատարում Տտնօրհնեքի արարողություն: Օրհնում են տան հացը, ջուրը, աղը: Հացից ու ջրից օգտվում են տան անդամները: Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է տան պատերին ու խնկարկում տունը»,- ավելացրել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և հավելել, որ տոնական հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնակատարությամբ:

Այս թեմայով
am