Փաստաբանների պալատը բարդ կառույց է, փաստաբաններն էլ բարդ մարդիկ են. Արա Զոհրաբյանը հանդես կգա համերաշխության կոչով

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը փաստաբաններն այսօր փաստաբանների պալատի նախագահ են ընտրում: Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 200 փաստաբան՝ 1852-ից:

Քվեարկությանը մասնակցեց նաև Պալատի գործող նախագահ, նախագահի միակ թեկնածու Արա Զոհրաբյանը, ով անդրադառնալով իր միակ թեկնածու լինելու մասին, ասաց, որ օրենքը և կանոնադրությունը հստակ սահմանում է, որ 10 և ավելի տարիների մասնագիտական ստաժ ունեցող յուրաքանչյուր փաստաբան կարող է ինքնաառաջադրվել կամ առաջադրել մեկ այլ փաստաբանի թեկնածություն։

«Կարծում եմ, որ այն գործընկերները, ովքեր  գտնում են, որ ես բացասական գործունեություն եմ իրականացնում, լավ կլիներ, որ իրենց թեկնածուին առաջադրեին»,– ասաց նա:

Անդրադառնալով Փաստաբանների պալատում տիրող լարված մթնոլորտին, Արա Զոհրաբյանն ասաց.«1852 փաստաբան, բարդ մարդիկ ենք, ինձնից սկսած, և իրականում մենք գործ ունենք բարդ կառույցի հետ, որն ինքնին դժվարություն է առաջացնում: Իմ պատասխանատու կարգավիճակը ստիպում է ինձ, որ լինեմ ավելի հանդուրժող և սեփական շահերս ստորադասեմ ընդհանուրի շահերին: Այս առումով կարծում եմ՝ մոտ ապագայում համերաշխության կոչ կանեմ և կփորձեմ ամեն ինչ անել, որ մեր գործընկերը, ովքեր վիրավորված են Փաստաբանների պալատից կամ ինձնից, գան դեպի ընդհանուր շահ»:

Դիտարկմանը, թե փաստաբանների մի խումբ  նշում է, որ Պալատն իրենց շահերը չի պաշտպանում, Արա Զոհրաբյանն ասաց, որ հեշտ է մեղադրական խոսք ներկայացնելը,  նմանատիպ խոսքերը պետք է համադրեն  փաստերով.«Ես չեմ ասում, որ Փաստաբանների պալատն իդեալական աշխատում է, մենք ունենք մեր թերությունները: Կարծում եմ՝ ուղղակի, որպես գործընկերներ իրենց հորդորներով ու քայլերով մեզ պետք է օգնեն»: 
նյութի աղբյուրը՝ tert.am 

Այս թեմայով
am