Ալեն Սիմոնյանի եղբորը նախկին իշխանությունները փորձել են ազատել աշխատանքից

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Որոշել եմ մի շարք սկսել և պատմել նախկին իշխանությունների կողմից իրագործած «սխրանքների» մասին, որոնք արվել են հենց իմ հանդեպ, կամ որոնց ականատեսն եմ եղել:

Այսօր՝ երկու փոքր դրվագ իմ կյանքից:

Դեպք  1.

Մի հարազատ եղբայր ունեմ, ով ոչ մի կապ չի ունեցել ու չունի քաղաքականության հետ, տարիներ շարունակ աշխատում է մի մասնավոր կազմակերպությունում, շուրջ երկու տարի է, ինչ ամուսնացել է և բալիկ ունեցել:
Վերջերս իմացա, որ հեղափոխությունից առաջ իմ քաղաքական գործունեության պատճառով նախկինների կողմից սեփականատիրոջ առջև պահանջ է դրվել՝ ազատել նրան աշխատանքից, որովհետև նա Ալենի եղբայրն է:
Ի պատիվ սեփականատիրոջ պետք է ասեմ, որ նա այդ քայլին չի գնացել:

Դեպք 2.

Մի պրոդյուսերական գրասենյակ ունեինք կնոջս հետ Հին Երևանցի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում: Տարբեր մարդիկ էին գալիս, սկսնակ երգիչ-երգչուհիներ, նաև հայտնիներ: Հյուրերիցս մեկը մի օր մի փոքրիկ պայուսակ էր մոռացել գրասենյակի միջանցքում՝ մուտքի դռան կողքը, զանգեցի ասացի, որ գա վերցնի: Երեկոյան, երբ նա եկավ, պայուսակը միջանցքում չէր, գողացել էին: Օրերս իմացա, որ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով այսօր Հռոմի պապից կաթոլիկ տեքստեր է գրում, այդ օրերին գլուխ է գովացել, որ ինքը գիտի Ալեն Սիմոնյանի պայուսակի պարունակությունը ))):

Սա երկու փոքր դեպք էր նախկինների աշխատելաոճի, հայ մարդու նկատմամբ վերաբերմունքի մասին, պատմություն, թե ինչպես չեն վարանել երիտասարդ տղային աշխատանքից դուրս շպրտելու փորձ անել, ինչ է թե ինքը իմ հարազատ եղբայրն է: Ինչպես չեն վախեցել և գրասենյակից գողություն են արել, որ ինչ-որ բան գտնեն և ինձ վրա ազդեն, հետո դրանով հպարտացել: Իսկ հիմա սրբացել են և խոսում են հայրենիքից, Աստծուց և սկզբունքներից:

Սա առաջին, բայց վերջին պատմությունը չէր, վաղը երկրորդն եմ գրելու՝ արդեն քոչարյանական ժամանակահատվածի, բայց կարևորը այն է, որ պրծանք ձեզանից և ձեր բարքերից: Մեկընդմիշտ պրծանք:

Շարունակելի . . .»,-գրել է նա։

 

Այս թեմայով
am