Tata Steel Chess India. Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարում ավարտվեց առաջին մրցումային օրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ խաղի երրորդ տուրում սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսեին եւ 68-րդ քայլում ընդունեց պարտությունը։

Առաջին երկու տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ 

Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 2 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) եւ հետնապահների թվում է։ Առաջատարը Կարլսենն է՝ 5 միավոր։

Նոյեմբերի 23-ին անցկացվելիք 4-6-րդ տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն հնդիկներ Վիշվանաթան Անանդն ու Պենտալա Հարիկրիշնան եւ չինացի Դին Լիրենը։

Tata Steel Chess India-ն Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում Լեւոն Արոնյանը կիսում է չորրորդ տեղը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։

Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։

 

Այս թեմայով
am