‹‹Հայաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում››. Արմեն Գրիգորյան

Անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանում անհրաժեշտություն է առաջացել նշելու Երևանի դերը անվտանգության գլոբալ համակարգում մի քանի համատեքստերում։ Նման համատեքստերից մեկն այն է, որ Հայաստանը ստանձնում է ակտիվ ներդրողի դեր անվտանգության ապահովման գործում, ընդ որում ՝ ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս։ Այս մասին նոյեմբերի 22-ին, «Պրիմակովյան ընթերցումները Երևանում» միջազգային համաժողովում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա կրկնեց այն թեզը, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոփոխություններ չի կրելու, եւ Երևանը, տեսնելով զարգացման մեծ պոտենցիալ շատ ուղղություններում, ջանալու է առավելագույն չափով իրացնել այն։

 «Դրսևորումներից մեկը, որ Հայաստանը պատասխանատվություն է վերցնում տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, իրականացվող մարդասիրական առաքելությունն է Սիրիայում։ Այդ գործողությունները պայմանավորված են նաև պատմական համատեքստով։ Հայոց ցեղասպանության տարիներին սիրիացի ժողովուրդը առաջիններից մեկն օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին, և հիմա մենք վերադարձնում ենք մեր պատմական պարտքը։ Բացի այդ, մենք պատասխանատվություն ենք կրում այդ թվում նաև Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի համար»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Գրիգորյանը նշեց սպառնալիքներին եւ մարտահրավերներին արձագանքելու ինստիտուցիոնալ հնարավորությունների ձեւավորման հնարավորությունը, և այդ գաղափարը դրված է Հայաստանի իշխանությունների կողմից մշակվող երկրի անվտանգության ռազմավարության հիմքում։

«Հարկավոր է, որպեսզի ամբողջ համակարգը կարողանա շատ օպերատիվ արձագանքել ցանկացած սպառնալիքի, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուժային կառույցները կարողանան համատեղ գործել»,- պարզաբանել է նա։

Նրա խոսքով՝ մարտահրավերների եևսպառնալիքների հաղթահարման գործում շատ կարեւոր է համագործակցությունը գործընկերների հետ, քանի որ միայնակ հաղթահարելը շատ դժվար է։

«Կարևոր է փոխգործակցությունը գործընկերների հետ, որոնց հետ կկարողանանք վերիմաստավորել Հայաստանի դերն անվտանգության գլոբալ համակարգում»,- ամփոփել է Գրիգորյանը։

Նշենք, որ նոյեմբերի 22-23-ին Երևանում տեղի է ունենում «Պրիմակովյան ընթերցումները Երևանում» միջազգային համաժողովը՝ նվիրված ռուսաստանյան պետական գործիչ, գիտնական Եվգենի Պրիմակովի 90-ամյակին, «Հայաստանը գլոբալ համատեքստում» թեմայով։

Այս թեմայով
am