«Ժող ջան, մենք լավ ենք». Գեղամա լեռներում կորած երկու արշավականներին գտել են

Գեղամա լեռներում նախօեին կորած քաղաքացիներին արդեն հայտնաբերել են: Նշենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:

Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաեւ ուղղաթիռ:

Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:

Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:

Քիչ ավելի ուշ ԱԻՆ-ից NEWS.am-ին հյտնեցին, որ նրանց գտել են եւ արդեն ուղղաթիռով հասցրել են Երեւան:

«Ժող ջան, մենք լավ ենք, արդեն Երևանում ենք, ԱԻՆ-ի ու տղերքի օգնությամբ։ Կներեք անհանգստության համար»,- Facebook-ի իր էջում գրել է կորած արշավաաններից Գեղամ Օհանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը: Գ.Օհանյանն ու նրա ուղեկիցները մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։

 

Այս թեմայով
am