Արցախի ԱԺ նախագահը ընդունել է ՀՀ կրտսեր դիվանագետներին

Նոյեմբերի 21-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կրտսեր դիվանագետների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է դիվանագիտական դպրոցի առաջարկած ծրագրի շրջանակում ապագա դիվանագետների ամենամյա այցն Արցախ՝ միասնական հայրենիքի ճանաչման, տեղեկացվածության բարձրացման, միջազգային հարթակներում Արցախի շահը պաշտպանելու և համազգային խնդիրներին սեփական մասնակցությամբ օգտակար լինելու առումով:

Աշոտ Ղուլյանը նաև շնորհավորել է ներկաներին դիվանագիտական դպրոցի տասնամյակի կապակցությամբ՝ ընդգծելով դպրոցի կարևոր դերը արտաքին քաղաքականության ասպարեզում կադրերի պատրաստման գործում:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի պետականաշինության գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, աշխարհաքաղաքական զարգացումներին և առաջիկայում Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաների:

Աշոտ Ղուլյանը պատասխանել է կրտսեր դիվանագետների՝ խորհրդարանական դիվանագիտությանը և Արցախի ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը խմբին է հանձնել 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի կրկնօրինակը:

   

 

Այս թեմայով
am