Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել

«Փաստ»-ը գրում է «Իշխանափոխությունից նույնիսկ մեկուկես տարի անց էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այնպիսի քայլերի դիմել, որոնցով սպասումներ կառաջացնի հասարակության շրջանում: 

Քանի որ կառավարության կատարած քայլերը իրենց տեսանելի արտացոլումը չունեն մարդկանց կյանքում՝ դրական փոփոխությունների տեսքով, ապա Փաշինյանին մնում է անընդհատ փորձել ցույց տալ, թե բարեփոխումների գործընթաց կա, տնտեսական հեղափոխությունը լիովին իր ընթացքի մեջ է և այլն

Սակայն եթե իրադարձությունները դիտարկում ենք խորքային առումով, ապա պարզ է դառնում, որ պետական կառավարման համակարգում մեծ թափով փոփոխություններ են ընթանում, սակայն դրանց անհրաժեշտությունը և արդյունավետության մակարդակը դեռ հարցականի տակ է

Այսպես, փոփոխությունների առյուծի բաժինը վերաբերում է կառավարության կազմում իրականացված կառուցվածքային փոփոխություններին: 

Նախ՝ վերացվեց առաջին փոխվարչապետի պորտֆելը, ապա անցում կատարվեց նախարարությունների միավորման գործին: 

17 նախարարությունը կրճատվեց՝ դառնալով 12, կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան նաև կառավարության և նախարարությունների տարբեր ստորաբաժանումներում: 

Այս օրերին էլ իշխանությունների նախաձեռնությամբ ձևավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն ամեն ինչ սրանով չի ավարտվում, և տեղի ունեցածը կառուցվածքային փոփոխությունների միայն մի փոքր մասն է, քանի որ լուրջ փոխատեղումները դեռ առջևում են: 

Եվ արդեն իսկ նշմարվում են սահմանադրական փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունների մտադրությունները, որի շրջանակում, ըստ ակտիվ շրջանառվող տեղեկությունների, տեղի է ունենալու նոր դատական համակարգի ձևավորում՝ մասնավորապես վերակազմավորվելու է Սահմանադրական դատարանը և, ինչպես տեղեկություններ են շրջանառվում մամուլում, դիտարկվում է ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի լիազորությունների միավորման հարցը:

Նպատակադրում կա ստեղծել նաև «Հակակոռուպցիոն կոմիտե», իսկ Կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող մարմինների գործառույթների փոխանցումը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնին ենթադրում է գործող կառույցների վերակազմավորում, ընդհուպ մինչև լուծարում: Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծմամբ վերջնականապես լուծարվելու է ՀՔԾ-ն: 

Անվանական փոփոխություններից անմասն չեն նաև ուժային կառույցները, որի վերջին օրինակն էլ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության ստեղծումն էր գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնի փոխարեն: 

Ու ամենահետաքրքիրն այն է, որ պահպանվում է հավանականությունը, թե նույնիսկ նորաստեղծ կառույցները կարող են կրկին փոխել իրենց անունները, միավորվել այլ կառույցների հետ և այլն: 

Սակայն մարդկանց մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են իշխանությունները նախատեսում լայն թափով կառուցվածքային փոփոխություններ ձեռնարկել, երբ դրանց արդյունքները հասարակության համար շատ չնչին են: 

Բնականաբար այս գործընթացը տեղավորվում է իշխանությունների իմիտացիոն քաղաքականության շրջանակում, թե առաջընթաց կա, բարեփոխումներ են ընթանում, բարելավվում է օրենսդրական դաշտը, սակայն դրանով միայն ֆոն ապահովելու խնդիր է լուծվելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Այս թեմայով
am