Ինչո՞ւ են հարսանիքի ժամանակ գյուղապետի որդին, եղբայրն ու եղբորորդին վիճաբանել իրենց ազգականի հետ․ մանրամասներ

«Մեծ Հայք» հարսանյաց սրահում նոյեմբերի 16-ին հարսանիքն ավարտվել էր ծեծկռտուքով։

Ժամը 01։50-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «աջ վերհոնքային և ստորին շրթունքի շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են՝ վիրավորը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Համլետ Սարգսյանը։ Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանեկան արարողության ավարտին Ծովակ գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Վահե Հակոբյանը, 28-ամյա Ատոմ Հակոբյանը և 54-ամյա Գագիկ Հակոբյանը դեռևս անհայտ հանգամանքներում ծեծի են ենթարկել հիվանդանոց տեղափոխված Հ. Սարգսյանի թոռանը՝ Գուրգեն Սարգսյանին և որդուն՝ Համլետ Սարգսյանին։

ArmDaily.am-ի տեղեկություններով Գագիկ Հակոբյանը Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանի եղբայրն է, Ատոմ Հակոբյանը՝ Գագիկ Հակոբյանի որդին, իսկ Վահե Հակոբյանը՝ համայնքի ղեկավարի որդին։ Իսկ վիրավոր Համլետ Սարգսյանը համայնքապետի մորաքրոջ որդին է։ Նրանք ներկա են գտնվել համայնքապետի քեռու որդու հարսանիքին, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։

Մեզ հետ զրույցում Գագիկ Հակոբյանը հայտնեց, որ վաղը հաշտեցման թղթերը պետք է ստորագրեն ոստիկանությունում։

Հարցին՝ ինչո՞ւ է տեղի ունեցել վիճաբանությունը՝ Հակոբյանը պատասխանեց․ «Դե հարսանիք է երևի պարելու համար կամ չգիտեմ, ճիշտն ասած դեռ չենք էլ հասկացել, թե որտեղից է սկսվել։ Երեկ էլ եմ գնացել Երևան մորաքրոջս որդու տուն, ինքը Երևանում է ապրում, հարցրել եմ ի՞նչ է եղել, ասեց հնարավոր ա մի 2 բառից իրար չհասկացանք տենց սկսվեց։ Բայց ծեծ չի եղել, ուղղակի Համլետ Սարգսյանի սիրտը ստենտավորած է, քաշքշուկի ժամանակ ընկել է, բայց լուրջ բան չկա»։

Հակոբյանը նշեց, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում բացատրություն տվել է Գուրգեն Սարգսյանը, ով Համլետ Սարգսյանի հայրն է․ «Ջղայնացած ա եղել, մեր անունները տվել է, իսկ ես ընդհանրապես ներկա չեմ եղել էդ վիճաբանությանը։ Որ իմացել է որդուն հիվանդանոց են տարել, մեծ մարդ ա՝ 82 տարեկան, անհանգստացել ա, ոստիկանությունում մի 2 բան ա գրել։ Ինձ էլ ասեց, որ ջղայնացած եմ եղել քո անունն էլ եմ գրել, գնանք էդ հաշտեցումը կազմակերպենք, բարեկամ մարդ ենք, ամոթ ա»։

Այս թեմայով
am