Հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է

Այս մասին հայտնել է քույերից մեծի՝ Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը։

Փաստաբանը մի քանի հայց է ներկայացրել, որոնցից առաջինը հիմնված է այն հանգամանքի վրա, որ սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության նպատակով։ Այս հայցի մերման դեպքում Լիպցերը դիմել է նաև գործի քննությունը երդվյալ ատենակալների մասնակցությամբ իրականացնելու համար։ Այժմ քննիչները երեք օր ունեն հայցերին համապատասխան կերպով պատասխանելու համար։

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ՌԴ Քննչական կոմիտեն Միխայիլ Խաչատուրյանի կրտսեր դստեր՝ Մարիայի գործն առանձին է քննելու։ Միջնեկ քրոջ՝ Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինն ասել է, որ նման որոշման պատճառն աղջկա՝ սպանության պահին անմեղսունակ լինելու հանգամանքն է։

«Նրա (Մարիայի) գործը կքննվի առանձին և առանց երդվյալ ատենակալների մասնակցության»,- ասել է Պարշինը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խաչատուրյան քույրերի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել սպանության մասին քրեական գործի վերանայման հարցով՝ երդվյալ ատենակալների խորհրդի մասնակցությամբ:

Խաչատուրյան քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Մեղադրանքի մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 17, 18 և 19 տարեկան դուստրերը ձերբակալվել էին:

Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն: 

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին

 

Այս թեմայով
am