Լիտվայի արտգործնախարարը բարձր է գնահատել Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը

Նոյեմբերի 18-ին Վիլնյուս կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսին: Այս մասին հայտնում են ՀՀ առաջին տիկնոջ գրասենյակից:

Ողջունելով Աննա Հակոբյանին Վիլնյուսում՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել վերջինի ծավալած ակտիվ հասարակական գործունեությունը՝ հատկապես «Կանայք հանուն խաղաղության» արշավը` համարելով այն կարևոր քայլ խաղաղության հաստատման ճանապարհին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացներին և համոզմունք հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում կհարստանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով:

Լինաս Լինկևիչիուսը հաջողություն է մաղթել Աննա Հակոբյանին իր նախաձեռնություններում և պատրաստակամությունը հայտնել աջակցելու դրանց իրականացմանը:

Նույն օրը ՀՀ վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ: Ջերմ և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանրային և հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:

Դիանա Նաուսեդիենեն նշել է, որ Լիտվան պատրաստ է աջակցել և կիսվել սոցիալական տարբեր մարտահրավերների հաղթահարման գործում արձանագրած իր լավագույն փորձով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաստատել պարբերական շփումներ և նպաստել երկու երկրների ու ժողովուրդների կապերի խթանմանը:

Այցի ավարտին Աննա Հակոբյանն այցելել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ու աշխատանքային առօրյային:

Այս թեմայով
am