‹‹Ֆեդերացիան, մարզչական շտաբը, գործկոմը պետք է մեկ լուծում գտնեն և առաջ տանեն հայկական ֆուտբոլը, հակառակ դեպքում այն կարող է վերանալ››. Ռոբերտ Գասպարյան

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում 9-1 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուն: Այս պարտությունը շատերը կապում են ՀՖՖ-ում ստեղծված լարված իրավիճակի հետ, շատերը մեղադրում են հավաքականի նոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին սխալ մարտավարություն ընտրելու մեջ, շատերն էլ կարծում են, որ այս պարտության և ընդհանրապես հավաքականի ցուցադրած անշուք խաղերի պատճառն ավելի խորքային է:

Այս հարցերի շուրջ MegaNews.am-ը զրուցեց սպորտային լրագրող Ռոբերտ Գասպարյանի հետ:

-Ռոբերտ, ըստ Ձեզ ո՞րն էր հավաքականի վերջին խաղում, նման խոշոր հաշվով պարտություն կրելու  պատճառը:

-Իրականում Հայաստանի հավաքականի պարտության պատճառը մեկը, երկուսը չի, սա գործընթաց է, որը սկսվել է արդեն տևական ժամանակ և շարունակվում է:

Իմ կարծիքով գլխավոր պատճառն այն է, որ ազգային հավաքականում մարզչական փոփոխություն տեղի ունեցավ այս ընթացքում, մինչդեռ կարելի էր թույլ տալ Արմեն Գյուլբուդաղյանցին ավարտելու այս ընտրական փուլը: Համենայնդեպս Լիխտեյնշտեյնից և Ֆինլանդիայից կրած անհաջողությունները այդքան անակնկալ չէին, որ ստիպված հրաժարական տվեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

-ՀՖՖ-ում այժմ լարված իրավիճակ է, որքանո՞վ դա ազդեց տղաների խաղի վրա:

- Արդեն երկար տարիներ է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա-Հայաստանի ազգային հավաքական կապը շատ սերտ է և ֆեդերացիայում տիրող ցանկացած անախորժություն, ցանկացած իրավիճակ ազդում է ազգային հավաքականի ելույթների վրա: Իհարկե ոչ այնպես, ինչպես հիմա, պարզապես մինչ այժմ նման իրավիճակ չէր եղել, երբ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեր ազգային հավաքականի հերթական հավաքի մեկնարկից մի քանի օր առաջ, և բնականաբար նման իրավիճակում անհասկանալի էր ի վերջո ազգային հավաքականի գլխավոր մարզչի ճակատագիրը: Նշանակվեց գլխավոր մարզիչ, նրան հանեցին, փոխարենը նշանակեցին մեկ այլ մասնագետի, ով ոչ միանշանակ ընդունվեց հայկական ֆուտբոլում: Աբրահամ Խաշմանյանն ունի կտրուկ մեթոդիկա, նա լրիվ այլ տեսակի մասնագետ է, տարբերվող մյուսներից, գուցե դրա պատճառով նրա մոտ ինչ-որ բան չստացվեց: Բայց այն, որ ՀՖՖ-ում տիրող իրավիճակը միանշանակ ազդեց հավաքականի կազմի և ելույթների վրա անկասկած է:

-Աբրահամ Խաշմանյանի ընտրած մարտավարության մասին  ի՞նչ կասեք:

-Հույների հետ տնային խաղում հինգ պաշտպանով տակտիկան իրեն չարդարացրեց, կարելի էր ենթադրել, որ Իտալիայի հետ խաղում մենք կգործենք մի փոքր այլ տակտիկայով: Այո էլի խաղում էինք հինգ պաշտպանով, բայց հանդիպման մեկնարկում երևաց, որ այդ հինգ պաշտպանն այդքան խորը պաշտպանությամբ չէին խաղում, և եթե մեկնարկում մեր տղաները կարողանային բացել խաղի հաշիվը այդ ճնշումից հետո, գուցե խաղը այլ կերպ զարգանար, բայց Աբրահամ Խաշմանյանին և նրա խաղաոճը իմանալով պետք է հասկանալ ու ըմբռնել, որ դա նրա սիրելի տակտիկան է: Աբրահամ Խաշմանյանը նախընտրել էր խիստ պաշտպանողական տակտիկա, ինչն իհարկե ազդեց խաղի ելքի վրա:

-Որքանով խաղի վրա ազդեց առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը:

-Այն արդարացումները, որ ունի Աբրահամ Խաշմանյանը անհերքելի են: Ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստների մեծամասնությունը չմասնակցեց խաղին: Այն ֆուտբոլիստները, ովքեր վնասվածքների պատճառով բացակայում էին, պատասխանատու են կրեատիվ գործողությունների համար, պետք է փոխանցումներ կատարեն, պետք է գրոհներ սկսեն, եզրափակեն և նրանցից ոչ մեկը ազգային հավաքականում չէր, իսկ նման պարագայում հավաքականում չկար մի ֆուտբոլիստ, որը կկարողանար կազմակերպել խաղը դաշտի կենտրոնում: Իհարկե կային անհատ ֆուտբոլիստներ, մասնավորապես երկու խաղերում էլ իրեն բավական լավ դրսևորեց Տիգրան Բարսեղյանը: Սակայն անհերքելի է, որ առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը ազդեց մեր թիմի ելույթների վրա:

-Ի վերջո, ի՞նչ փոփոխություններ պետք է կատարվեն հավաքականում, որպեսզի նման ցավալի պարտություններ այլևս չկրենք:

-3-0 հաշվից հետո մեր թիմն ուղղակի դադարեց ֆուտբոլ խաղալ: Այլևս ոչինչ չէր ստացվում, ցանկության դեպքում էլ չէր ստացվի: Բայս վստահ եմ ասում, եթե մենք կարողանայինք մեկ գնդակ խփել խաղում այսպիսի ելք չէր գրանցվի:

Սա ոչ ֆուտբոլային հաշիվ է, բայց սրա համար թիրախավորել կոնկրետ մեկ խմբի պետք չէ: Ֆեդերացիայում տիրող իրավիճակը, առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը և այլ պատճառներ մեր նմանատիպ խաղի առիթ հանդիսացան:

Մենք պետք է ունենանք այնպիսի դարպասապահ, ով իր ուժերի վրա վստահ կլինի, կենտրոնական պաշտպաններ, որոնք միասին կհամագործակցեն և կհասկանան, թե ինչ է նշանակում արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելը, միասին աշխատելը, որպեսզի մրցակցի կենտրոնական պաշտպանը մեկ փոխանցմամբ չկտրի մեր ամբողջ թիմին ու հարձակվողին դուրս բերի դարպասապահի դեմ մեն-մենակ:

Ի վերջո կարող եմ ասել, որ խնդիրը համակարգային է, այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է տանել, ֆեդերացիան, մարզչական շտաբը, գործկոմը պետք է մեկ լուծում գտնեն և առաջ տանեն հայկական ֆոտբոլը, այլապես այսպիսի տեմպերով մենք ոչ թե կգնանք առաջ, այլ ընդհանրապես հայկական ֆուտբոլը կարող է վերանալ:

 Աննա Բզնունի

Այս թեմայով
am