‹‹Դատախազները մեղադրանքը փորձում են պաշտպանել ոչ պատշաճ մեթոդներով՝ իրականությունը խեղաթյուրելով››. Հայկ Ալումյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացրած բացարկի միջնորդության քննությունը։

Այսօր դատավարության մեկնարկին դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու առանձին միջնորդություն ներկայացրեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Միջնորդությունը ներկայացնելուց հետո, միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Մասնավորապես` Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ միանշանակ միանում է միջնորդությանը:

«Դատախազներն իրոք դատարանում նրա համար են, որ մեղադրանքը պաշտպանեն, բայց դա չի նշանակում, որ իրենք մեղադրանքը պետք է պաշտպանեն ցանկացած գնով, դա չի նշանակում, որ դա իրենք պիտի անեն՝ հաստատապես իմանալով հակառակի մասին: Մեղադրանքն իրենք պետք է պաշտպանեն այն ժամանակ, երբ վստահ են դրանում, այս իրավիճակում դա այդպես չէ: Դատախազները, իմանալով արդարացնող ապացույցների մասին, միջոցներ չեն ձեռնարկել, որ այդ արդարացնող ապացույցները հայտնվեն քրեական գործի մեջ: Դատախազները մեղադրանքը փորձում են պաշտպանել ոչ պատշաճ մեթոդներով՝ իրականությունը խեղաթյուրելով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նա շեշտեց, որ եթե դատախազը ձգտում է իրականությունը խեղաթյուրել ի վնաս պաշտպանական կողմի, ապա նման դատախազը վարույթում ընդհանարապես անելիք չունի: «Տվյալ դատախազը պետք է մեկուսացվի տվյալ վարույթից ու մոտիկ չգա այդ վարույթին, դա վտանգավոր է դատավարության համար»,- ասաց նա:

Բացի այդ, նա միացավ Մեժլումյանի այն պնդմանը, թե մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ պաշտպանական կողմը չկարողնանա հասկանալ, թե ինչ քրեաիրավական որակումներ են և որտեղից են ծագել դրանք:

 

Այս թեմայով
am