‹‹9:1 հաշվով պարտության համար թիվ մեկ պատասխանատուն Արթուր Վանեցյանն է››. Արեն Մկրտչյան

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործկոմի աշխատանքին և հավաքականի կրած վերջին պարտությանը:

‹‹Նախ խաղին անդրադառնամ, բնականաբար 9-1 հաշվով պարտությունը ոչ մի բացատրություն և արդարացում չի կարող ունենալ: Ինչ տեղի է ունենում Ֆուտբոլի ֆեդերացիայում վերջին շրջանում անընդունելի է մեզ համար: Մենք այս մասով գործկոմի նիստում մեր դիրքորոշումը հայտնել ենք››,- ասաց Արեն Մկրտչյանը:

Ըստ նրա՝ կոպիտ խախտումով փորձ է արվել նոր գլխավոր մարզիչ նշանակել. «Պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումների մասով ՀՖՖ-ում որևէ արձագանք չի եղել: Նաև յուրացումներ են բացահայտվել ոստիկանության կողմից ֆուտբոլային ակադեմիաների կառուցման մասով, այստեղ ևս ՀՖՖ-ն լռում է, արձագանք չկա, քայլ չկա»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու գործկոմն ամեն դեպքում կողմ քվեարկեց Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը, Մկրտչյանը հայտարարեց, որ խախտվել էին բոլոր հնարավոր ու անհնար ժամկետները.

«Մենք ունեինք մեկ օր, որպեսզի հավաքականն ունենա մարզիչ ու անկախ նրանից, թե ով էր թեկնածուն, հանուն ֆուտբոլի պետք էր կողմ քվեարկել, հակառակ դեպքում հավաքականը չէր ձևավորվի»:

Արեն Մկրտչյանի խոսքով պարտության մեջ մեղավոր են բոլորը, իսկ թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է.

«Սա գործկոմի անդամների կարծիքն է: Պետք է բացատրություն լինի»:

 

 

Այս թեմայով
am