Ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար. Իտալիա-Հայաստան՝ 9:1

Եղավ այն, ինչ երբեք չէր եղել, ինչ չէր անցնի ամենահոռետես ֆուտբոլասերի, ֆուտբոլային մասնագետի մտքով: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Իտալիայի ազգային թիմին Պալերմոյում պարտվեց 1:9 հաշվով: Միակ գոլը խփեց խաղում ամենալավ տպավորություն թողաց Էդգար Բաբայանը, որը, ցավոք, վնասվածք ստացավ եւ խաղադաշտը լքեց պատգարակով: Սա էլ շատ խորհրդանշական էր:

Հիմա ֆուտբոլիստներին անդրադառնալն իմաստ չունի: Հիմա ֆուտբոլասերներին մի հարց է հետաքրքրում՝ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար, ո՞վ է ներողություն խնդրելու հայ ֆուտբոլասերից այս անամոթ եւ խայտառակ պարտության համար:

Կասկածից վեր է, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմն ամբողջ կազմով պետք է հրաժարական տա, կասկածից վեր է, որ գլխավոր մարզիչ Խաշմանյանը պետք է ներողություն խնդրի եւ հրաժարական տա, թեեւ այս խայտառակությունում նրա մեղավորությունն անհամեմատ քիչ է:

Իհարկե, ոչ գործկոմը, ոչ մարզիչը, հազիվ թե, հրաժարական տան: Չեն տալու: Ինչու տան: Եթե սկանդալային Արայիկ Հարությունյանը, որն, ի դեպ, Սպորտի նախարարն է, հրաժարական չի տալիս, ապա նրանք ինչու հրաժարական տան:

Գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտարարում է, թե Կարմիր արծիվներ ֆան ակումբի պահանջին լուրջ չեն վերաբերվում: Իսկ ֆան ակումբը պահանջում է գործկոմի եւ հատկապես Արթուր Վանեցյանի երկու տեղակալների հրաժարականը, որոնք հենց մեծապես կրում են այս խայտառակության պատասխանատվությունը:

Հիմա, հատկապես Իտալիա-Հայաստան խաղից հետո ասում ենք՝ Արեն Մկրտչյան, այդ մենք՝ ֆուտբոլասերներս ձեզ լուրջ չենք վերաբերվում: Հեռացեք, քանի շուտ է հրաժարական տվեք եւ հեռացեք: Ամոթ է: 

Դե մի երկրում, որտեղ Մելիքբեկյան Արմենը ՀՖՖ նախագահի տեղակալ է, որտեղ ՀՖՖ գործկոմի անդամ է Արեն Մկրտչյանը, նաեւ նրանք, ովքեր գործկոմում են միայն նրա համար, որ ՔՊ-ից են, որտեղ Արայիկ Հարությունյանը սպորտի նախարար է, ապա հաստատ նման խայտառակություններ էլի կլինեն:

Վերջում կրկնենք՝ եթե նամուս, պատիվ, արժանապատվություն ունենք, ապա հրաժարական տվեք եւ ամբողջ կազմով հեռացեք: 

 

Այս թեմայով
am