Զավեշատալի է ասել՝ 2020-ի բյուջեն հեղափոխական է, քաղաքում լուրջ փոփոխությունների համար հույսը պետք է դնել Աստծու վրա. Թեհմինա Վարդանյան

Զավեշտալի է ասել ՝ Երևանի 2020թ-ի բյուջեի նախագիծը և զարգացման 5 ամյա ծրագիրը աննախադեպ է, հեղափոխական: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Ասում են՝ հեղափոխական է, որովհետև աճ է գրանցում. 2019-ի համեմատ բյուջեի եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի, առաջին անգամ քաղաքի եկամուտները գերազանցում են 100 միլիարդի սահմանագիծը: Այստեղ պետք է մի ընդգծում անել՝ պարզապես Կառավարությունն է ավելի շատ սուբվենցիա տվել քաղաքապետարանին, մոտ 70 տոկոս ավելցումը դա է: Պատվիրակված լիզորությունների արդյունքում է, օրինակ, պոլիկլինիկաներում և դպրոցներում աշխատավարձերի բարձրացում լինելու, գումարը քաղաքապետարանն է տալիս: Չի կարելի ասել՝ քաղաքային իշխանությունը Հայկ Մարությանի գլխավորությամբ նախորդ տարվա համեմատ ունի լուրջ ձեռքբերում»,-մանրամասնեց նա:

Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ մեծացել է նաև տեղական տուրքը, որի արդյունքում բյուջե ավելի շատ գումար է մուտքագրվում:

Ավագանու անդամը մանրամասնեց, որ քաղաքային իշխանությունը շարունակում է անարդյունավետ, ուռճացված ծախսերի քաղաքականությունը: «Օրինակ դրոշներին տրամադրվող գումարը. որքան հասցրեցի ուսումնասիրել, գումարի չափը չի փոխվել՝44 մլն: Ներկա Կառավարության անդամները, որոնք ժամանակին եղել են ավագանու անդամ, բազմիցս շեշտադրումներ էին անում ահռելի ծախսերի վրա: Մենք նախկինում շեշտադրում էինք Տարոն Մարգարյանի բերած՝ ուռճացված ծախսերի հոդվածը, ինչպես օրինակ՝ նստարանների համար: Ինչ է ստացվում, կամ մենք անհարկի ենք մեղադրել նախկինում իշխանությանը, որ կոռուպցիոն սխեմաների մեջ են, կամ  ներկա իշխանությունն էլ է կողմ կոռուպցիոն սխեմաներին»,-նկատեց նա:

Թեհմինա Վարդանյանն անդրադարձավ նաև աղբահանության և սանմաքրման հիմնարկին բյուջեով տրամադրվող գումարի չափին՝ հիշեցնելով, որ «Սանիթեք»-ից շուրջ 600 միլիոն ավել գումար է տրամադրվում նոր հիմնարկին։ «Մենք այն ժամանակ «Սանիթեք»-ին տրամադրում էինք 5 մլրդ 200 մլն գումար տարեկան կտրվածքով, որն իր մեջ ներառում էր բոլոր ծախսերը՝ այդ թվում տեխնիկայի ձեռքբերումը, աշխատավարձերը»,-մանրամասնեց Վարդանյանը:

«Եթե մենք 5 մրդ 200 մլն-ից հանում ենք ավելացված արժեքի հարկը, տակը մնում է մոտ 4 մլրդ 200 մլն գումար: Հիմա քաղաքային իշխանությունն ինչ է արել, բերել է 4 մլրդ 6 մլն դրամ աղբահանությանը և սանմաքրմանը տրամադրվող գումար և առանձին հոդվածով՝ շուրջ 1 մլրդ գումար, որը պետք է ներդրվի գույք և տեխնիկա ձեռքբերելու համար: Անհամեմատ ավելի թանկ ծառայություն է մատուցելու, քան մասնավոր օպերատորն էր մատուցում: Տարբեր հոդվածներով են մատուցելու, որ աչք չզարնի»,-նշեց նա:

Թեհմինա Վարդանյանը ընդգծեց նաև, որ զարգացման ծրագրով լուծում չի տրվում քաղաքացիներին հուզող մի շարք խնդիրների: «Գեթ մեկ վերելակի փոխարինման, գեթ մեկ ստորգետնյա ավտոկայանատեղի, շրջանցիկ ճանապարհի կառուցման հոդված. որևէ քաղաքաշինական լուրջ ձեռքբերում չենք ունենալու: Հետաքրքիրը և հատկանշականն այն է, որ մեծ ծախսերին առնչվող հոդվածներում գրված է ՝ ներդրում հայտնվելու պարագայում: Այսինքն՝ մենք պետք է հույսներս դնենք Աստծու վրա, որ ներդրող ուղարկի, որ քաղաքում փոփոխություն լինի»-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,120,136.4 հազ. դրամի չափով` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազ. դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2019 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներին 38,452,077.4 հազ. դրամով կամ 56.0 %-ով:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 26,993,609.5 հազ. դրամ՝ 2019 թվականի նախատեսվածից 3,052,733.8 հազ. դրամով ավելի, իսկ 2018 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 5,588,512.7 հազ. դրամով կամ շուրջ 26.11%-ով ավելի: 2019 թվականին սեփական մուտքերը նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում կազմել է 29,5%-ը, իսկ 2020 թվականին սեփական մուտքերը նախատեսվում է եկամուտների ընդհանուր ծավալի 32.5%-ը:

Սկզբնաբյուր`Tert.am 

Այս թեմայով
am