Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Կատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Կատար: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կատարի էմիրի դիվանում դիմավորման պաշտոնական արարողությանը կհաջորդի Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումը: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի, Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, նաև Կատարի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև այցելություն Իսլամական արվեստի թանգարան:

Դոհայում նախագահ այցելելու է Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահի և Կատարի էմիրի նախորդ հանդիպումների գործնական արդյունքներից է Կատարում ՀՀ դեսպանության բացումը, որը տեղի է ունեցել Կատարի Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ ի նշան Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ հարգանքի և համակրանքի։

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը մասնակցելու է նաև Դոհայում անցկացվելիք հեղինակավոր «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ին և հանդես է գալու ելույթով: «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել կրթությունը նորարարության միջոցով: Այն հիմնադրվել է Կատարի հիմնադրամի կողմից: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Այս թեմայով
am