«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը կազմակերպել էր միավորիչ հավաք:

Տվյալ թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց ՀՀԿ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ:

«Մենք ամեն կերպ խոսում ենք Հայաստանում քաղաքական բազմակարծության մասին, հատկապես այս ժամանակահատվածում, երբ որ գործող իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում ռեպրեսիվ պետական ապարատով, քարոզչական ապարատով ճնշել ցանկացած այլախոհություն: Ատելության, անհանդուրժողականության այն մակարդակը, որն այսօր կա Հայաստանի քաղաքական և լրատվական դաշտում աննախադեպ է և ակնհայտ է, որ այս ամեն ինչի քավորը հենց Նիկոլ Փաշինյանն է: Նիկոլ Փաշինյանն իր բառապաշարով, իր մտածելակերպով, ասֆալտներին ֆռելով և պատերին ծեփելով, երկիր՝ այն էլ ժողովրդավար երկիր չի կառուցի: «Վերնատան» գոյությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կարծում եմ հասունացած պրոցես էր՝ որպես մի հարթակ, որտեղ հնարավոր է ունենալ քաղաքական դիսկուրս: Մեր երկրում ցավոք սրտի իշխանափոխությունից հետո վերացել են քաղաքական օրակարգի մշակման, քաղաքական երկխոսության և բազմակարծության խրախուսման բոլոր հարթակները: Եթե նախկինում այդպիսի դերակատարություն ուներ ԱԺ-ն, ապա անցյալ տարվա ընտրություններից հետո այս մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ ԱԺ-ն  ներկայիս կառուցվածքով ու կազմով չի արտահայտում հասարակության քաղաքական կառուցվածքը: Բազմաթիվ քաղաքական գաղափարախոսություններ դուրս են մնացել այսօր ԱԺ-ից և ԱԺ-ի հարթակը չի ծառայում այս կազմով Հայաստանում քաղաքական օրակարգի մշակմանն ու ձևավորմանը, քանզի չունի բազմակարծություն և պահանջվող ներկայանալիություն: Հարյուր հազարավոր ընտրողներ ներկայացված չեն Ազգային ժողովում: «Վերնատունը» կարող է դառնալ գաղափարների օրակարգի գեներատոր, քանի որ սկզբնավորման փուլում կարողացել է կլոր սեղանի շուրջ համախմբել տարբեր քաղաքական-հասարակական հոսանքների ներկայացուցիչների, որոնք մտահոգված են Հայաստանում տիրող իրավիճակով, ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերներով և կառավարության անհամարժեքության այս մարտահրավերներով: Ոչ մի առանձին վերցրած քաղաքական միավոր, դա կլինենք մենք, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կամ Դաշնակցությունը և թե որևէ այլ քաղաքական հոսանք ի վիճակի չի լինելու մենակ հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am