1-4` «սպիտակ», 2-3`«սև». կամ հակառակը

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես և սպասվում էր, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովն արժանացավ իշխանության ներկայացուցիչների և նրանց խանդավառ կողմնակիցների բուռն արձագանքին: Կանխատեսելի էր նաև, որ թիրախում կլինի ոչ թե այն, թե ինչ էին ասում համաժողովի մասնակիցները, այլ նրանց անձնական հատկանիշները, անցած ճանապարհը, ինչպես նաև ակումբի անունը, որը, համաձայնեք, իսկապես բավականին հավակնոտ է: Ինչպես և «Սասնա ծռերի» դեպքում, այստեղ էլ ամբողջ ազգի համար նվիրական անունը «սեփականաշնորհվում է» մի խումբ քաղաքացիների կողմից. անկախ նրանից, թե ում համար է այդ խումբն ընդունելի կամ անընդունելի, «մեծը» տեղավորվում է «փոքրի» մեջ:

Բայց դա, իհարկե, երկրորդական հարց է: Առաջնայինը ակումբի գործառույթներն են, ուղղվածությունն է, ուղերձը: Եվ դրա համար պետք է անդրադառնալ համաժողովի մասնակիցների կազմին: Քաղաքականացված մարդկանցից դրա կորիզն են կազմում ՀՀԿ-ականները (գումարած Սերժ Սարգսյանի այլ կողմակիցներ), քոչարյանականները (Վիկտոր Սողոմոնյան, Արդրանիկ Թևանյան և այլն) և ներկա ու նախկին դաշնակցականները, որոնք այս կամ այն ձևաչափով համագործակցել են երկրորդ և երրորդ նախագահի հետ: Այդ երեք խմբերից առանձնանում են անկախ փորձագետները՝ Լարիսա Ալավերդյանի և Թաթուլ Մանասերյանի նման, որոնք, ի պատիվ իրենց, ոչ մի բարդույթ չեն ունենա մասնակցելու նաև, ասենք, ՔՊ-ի կազմակերպած համաժողովին: Նման, ոչ քաղաքական անձանց կարծիքն անձամբ ինձ համար առավել գնահատելի է: Բայց «Վերնատան» ընդհանուր ուղղվածության մեջ փորձագետները, կարծում եմ, որոշիչ դեր չեն խաղա: Այսպիսով, «Վերնատան» հիմնադրմամբ վերջնականապես ուրվագծվում է ներկայիս քաղաքական կոնֆիգուրացիան՝ մի կողմից Հայաստանի առաջին և չորրորդ ղեկավարների կողմնակիցները (ուշադրություն դարձրեք, թե ինչպես են ակումբը «քլնգում» ոչ միայն նիկոլականները, այլև լևոնականները), մյուս կողմից երկրորդ և երրորդ նախագահների աջակիցները: Էլի յուրահատուկ «սև-սպիտակ», բայց թե ով է սև, ով սպիտակ, ամեն մեկը որոշում է ըստ իր ճաշակի: Ոչ մի գնահատական չեմ տալիս այս իրավիճակին, պարզապես արձանագրում եմ փաստը: Բայց կարևոր է նաև, որ երկու կողմերը կարողանան իրար լսել, և ոչ թե միայն վիրավորել ու պիտակավորել:

Չի կարող պատահել, որ «Վերնատան» երեկվա համաժողովում ոչ մի բանական միտք չհնչեր: Չի կարող պատահել նաև, որ մեկուկես տարվա ընթացքում ներկայիս իշխանության բոլոր քայլերը ներքին և արտաքին քաղաքականության մեջ սխալ լինեն: Պարզապես անհրաժեշտ է հաղթահարել այս «թեզիսն» ու «հակաթեզիսը» և նոր մակարդակի վրա հասնել «սինթեզի»»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am