«Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության». Արծվիկ Մինասյան

ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ, վերկուսակցական պայքար է և չի կարող քաղաքական չլինել, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է:

«Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի հեռացումը համակարգից, իսկ Արայիկ Հարությունյանն այդպիսին է: Սա մեկանգամյա գործողություն չէ, այլ հետևողական մոտեցում: Նա ազգայինի և եկեղեցու հանդեպ արհամարհական մոտեցում ունի»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Մինասյանը:

Ըստ նրա՝ կարևորագույն պաշտոնատար անձանցից մեկի հրաժարականի պահանջն ազդակ է, որ այդկերպ մտածող որևէ այլ անձ չփորձի նույն քաղաքականությունը վարել. «Հասկանալու համար՝ կգնա՞նք Արայիկ Հարությունյանի հետ որևէ քննարկման, իրենք պիտի ասեն՝ պատրա՞ստ են հրաժարվելու իրենց այս նախագծերից: Փոխնախարարն ասում է՝ պատրաստ չենք հրաժարվելու, բայց պատրաստ ենք քննարկման: Էլ ի՞նչն ենք քննարկելու»,- նշել է նա:

Արծվիկ Մինասյանը եթերի ընթացքում ասել է, որ ՀՅԴ երիտասարդները դիմել են իրավապահ մարմիններին՝ պահանջելով բոլոր այն քրեական գործերը, որոնց մասին խոսել էր Արայիկ Հարությունյանը:

«Եթե սա քաղաքական շանտաժ չէ Լևոն Մկրտչյանի հասցեին, Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության կա՛մ սուտ մատնության, կա՛մ հանցագործությունը պարտակելու համար: Կարող են ցանկացած մեկի մասին նման բան ասել՝ ենթադրելով, որ եթե նա եղել է պաշտոնատար անձ, ուրեմն կոռումպացված է»,- նշել է նա:

Այս թեմայով
am