Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են անապահով ընտանիքի ապրուստի միջոցը՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տնից դուրս գալով նկատել է գայլին և ձեռքին եղած եղանը շպրտել գայլի ուղղությամբ:

Գայլը դիմել է փախուստի, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը, հայտնաբերել են, որ իրենց տան դիմաց գտնվող, իրենց պատկանող ոչխարների մեծ մասը հոշոտված են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ամուսինները այդ ժամին կատարվածի մասին տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանության ծառայողները, ովքեր արձանագրել են փաստը:

Այս պահին ժամանել է Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին: Այս պահին համայնքի ղեկավարի կանչով ժամանել է նաև համայնքի անասնաբույժ Հրայր Ներսիսյանը, ով համայնքի ղեկավարի հետ արդեն ուսումնասիրում են խնդիրը, քանի որ կան մեծ թվով ոչխարներ, որոնց մի մասը սատկել են, մի մասն էլ վիրավոր են և, ըստ անասնաբույժի, մեծ մասը ապրելու ենթակա չէ:

Կայքի փոխանցմամբ, համայնքի ղեկավար Հ. Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը խոսել է նաև նշված համայնքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Սերգեյ Մովսիսյանի հետ, ով խոստացել է հնարավորության սահմաններում օգնել տուժած ընտանիքին: Համայնքի ղեկավարն ու մարզպետն էլ նույնպես պատրաստակամություն են հայտնել օգնության ձեռք մեկնել:

Ամուսինների հարևաններն ասել են, որ ամուսիններով գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Ունեն առողջական լուրջ խնդիրներ, ընտանիքն էլ բաղկացած է 12-ից ավելի անդամներից: Իրենց գոյությունը պահպանում էին ոչխարները պահելով և ստացած եկամուտի մեծ մասը ծախսում էին դեղերի վրա, քանի որ առողջական խնդիրներ ունեն:

Գայլը հոշոտել է 35 ոչխարներից 24-ին, որոնց մի մասը պետք է ծնեին: Տարիներ առաջ նմանատիպ դեպք եղել էր գյուղի ծայրամասում գտնվող հատվածում:

Այս պահին համայնքի ղեկավարի և անասնաբույժի գլխավորությամբ մի քանի վիրավոր ոչխարներին մորթ են անում և մորթելուց հետո հայտնաբերեցին, որ մորթած մայր ոչխարների ընկերքում հայտնաբերվել են զույգ գառներ:

Այս թեմայով
am