Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել

«Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, նաեւ ինչ-որ առումով հաջողված փորձ է այն տեսանկյունից, որ Արսեն Բաբայանը, փառք Աստծո, ազատության մեջ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը`անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցի փոփոխությանը։ Ըստ նրա՝ ամենակարեւորն է այս պահին հենց դա է՝ Արսեն Բաբայանի ազատությունը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ դատախազությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորությամբ։ Թեեւ, հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին երաշխավորությամբ հանդես էին եկել իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Սակայն այսօր դատախազության հայտարարությունից պարզ դարձավ, որ երաշխավորություն է ներկայացրել նաեւ իշխող ուժի պատգամավոր, սորոսական թեւի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը։ Արցախի ՄԻՊ-ի երաշխավորության քննարկման արդյունքների մասին տեղեկություն չկա։

«Անկեղծ ասած՝ ինձ համար էլ, որքան հասկանում եմ, նաեւ պաշտպանական կողմի համար, անակնկալ է եղել այս որոշումը: Ես նկատեցի, որ այդ առումով գրառում էր արել նաեւ Արփինե Հովհաննիսյանը: Հատուկ շնորհակալություն կարելի է հայտնել նաեւ Արփինե Հովհաննիսյանին այդ կապակցությամբ: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ չի կարելի շնորհակալություն չհայտնել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին իր ներգրավման համար: Թեեւ սա կարելի է ընկալել որպես իշխանության կողմից իր դեմքը ինչ-որ չափով փրկելու փորձ, այսուհանդերձ, ողջունելին է, որ քաղաքական իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ունեն ողջամտության անհրաժեշտ պաշար»,-մեզ հետ զրույցում շարունակեց իրավապաշտպանը:

Նշենք, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհակալություն էր հայտնել Ավետիք Իշխանյանին ու Սիսակ Գաբրիելյանին՝ նշելով․ «Պարոն Իշխանյանը բազմիցս է ապացուցել իր սկզբունքայնությունը եւ բոլոր հանգամանքներում հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, իսկ Սիսակ Գաբրիելյանի հետ առիթ ունեցել եմ քննարկել այս հարցը։ Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար»։

Ռուբեն Մելիքյանի խոսքով, սակայն, իշխանության այս քայլը անցյալը չի կարող փոխել. «Իսկ անցյալն այն է, որ մարդը 22 օր իմ պատկերացմամբ՝ անազատության մեջ է պահվել, իմ պատկերացմամբ՝ քաղաքական պատճառներով, ընդ որում, առաջին 3 օրերը՝ ձերբակալման հատվածը, անգամ դատարանի որոշմամբ է հաստատված»:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանի ձերբակալությունը, ինչը դատախազության կողմից չի բողոքարկվել։

Իրավապաշտպանը նկատեց, որ այս գործով Վերաքննիչ դատարանի նիստը բավականին երկար ժամանակ է՝ չի նշանակվում, ինչը եւս հետաքրքիր փաստ է այն իմաստով, որ Վերաքննիչ դատարանը դեռ իր խոսքը չի ասել՝ առհասարակ Բաբայանի կալանավորումն օրինական էր, թե՝ ոչ:

Հարցին, թե իշխանությունն ի՞նչ գործոնների ազդեցության տակ գնաց այս քայլին՝ հանրային ճնշմա՞ն, թե՞ նաեւ արտաքին ազդակների ազդեցությամբ՝ Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ բոլոր գործոններն էլ այստեղ դեր են ունեցել եւ ես չէի ցանկանա որեւէ գործոնի դեր առանձնացնել: Ես առիթ ունեցել եմ գնահատականներ տալու եւ այդ գնահատականներն ուժի մեջ են: Իսկապես, սա իր բնույթով լուրջ հետընթաց կարող էր դիտվել անձի ազատության սահմանադրական երաշխիքների տեսանկյունից»:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Այս թեմայով
am