«Այնպիսի տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարը թելադրություն է գրում արևմտյան առաջնորդների թելադրանքով». Լիլիթ Թումանյան

168.am-ը գրում է.

««Ադեկվադ» կուսակցությունը սատարում է հակաազգայինի դեմ պայքարի դուրս եկածներին»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողության պայքարին:

«Այն ամենը, ինչ այսօր ներկայացվում է՝ որպես Կառավարության ծրագիր, իրականում հակաազգային և հակապետական դրսևորումներ են: Այսօրվա դրությամբ, Արայիկ Հարությունյանի պնդմամբ, այն մարդիկ, ովքեր դեմ են իրենց նախագծերին, հետադիմական հայացքներ կրող մարդիկ, են, այս պարագայում ես ուղղակի ուզում եմ հարցնել, իսկ ի՞նչ է նշանակում Ձեզ համար՝ առաջադիմական, ի՞նչ է նշանակում՝ առաջադեմ, ո՞ւմ համար առաջադեմ, ո՞ր ազգային արժեքները կրող պետությունների դիտանկյունից եք Դուք ուզում լինել առաջադեմ: Այնպիսի տպավորություն է, որ ներկայիս Կառավարությունը, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանը, թելադրություն է գրում արևմտյան առաջնորդների թելադրանքով և ուզում է լավ գնահատական ստանալ, փորձում է լինել լավ աշակերտ»,- ասաց Լիլիթ Թումանյանը:

«Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամն ասում է, որ ավելին չէր էլ սպասում, բայց ուսանողությանը բարկացնել պետք չէ:

«Փողոցային ակտիվիստներից ես կառավարման հմտություններ չէի սպասում, քանի որ, երբ նախարարը հիմնավորում է իր կայացրած որոշումն ու նախագիծը նրանով, որ սա առաջադեմ է, դա ծիծաղելի է: Օրինագծերը մշակվում են պետական առաջնահերթություններից ելնելով: Ինձ ուրախացնում է, որ բացի քաղաքական գործիչներից, մենք ունենք նաև ուսանողներ, ովքեր դեմ են դուրս եկել տեղի ունեցող երևույթներին և պայքարը մի քանի ուղղությամբ են տանում: Աստված մի արասցե, որ բարկացնեն ուսանողներին»:

Ըստ Լիլիթ Թումանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցն ուսանողների հետ բովանդակազուրկ էր: Նա հանդիպման էր եկել՝ ուղղակի ցույց տալու իմացաբանական հակասությունները:

Այս թեմայով
am