Թե ինչպես Հիտլերի ատելությունը Ռուսաստանը դարձրեց գերտերություն. National Interest

Ադոլֆ Հիտլերը ցանկանում էր Ռուսաստանը վերածել Գերմանիայի հսկայական գաղութի, սակայն նրա գործողությունները բերեցին նրան, որ Գերմանիայի մի մասը ենթարկվեց Մոսկվային, իսկ ԽՍՀՄ-ը դարձավ գերտերություն: Այս մասին գրում է National Interest պարբերականը:

Պարբերականը նշում է, որ 1941 թվականի հունիսի 22-ին 4 միլիոն նացիստական զինվորներ երազում էին տեսնել Կրեմլի աշտարակները, սակայն փոխարենը սկսեցին իրադարձությունների մի շղթա, որը մինչև հիմա բնութագրում է ներկայիս աշխարհը:

Մինչ ֆաշիստական նվաճողների ներխուժումը ԽՍՀՄ, նույնիսկ բրիտանացի և ամերիկացի փորձագետները չէին հավատում, որ Մոսկվան կդիմանա հիտլերյան «բլիցկրիգին», սակայն 1945 թվականի մայիսին հենց Բրիտանիան էր կոտրվում, Ֆրանսիան էր դատարկվում, իսկ գերմանացիները նայում էին, թե ինչպես են խորհրդային տանկերի թրթուռներն անցնում Բեռլինի ավերակների վրայով: Հենց Ռուսաստանն արնաքամ, բայց հաղթած բռնցքամարտիկի պես մնաց ոտքի վրա և դարձավ գերհզոր պետություն:

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ԽՍՀՄ-ն իշխանություն չէր ստանա իր «Եվրոպական կայսրության» նկատմամբ:

«Բոլշևիզմի դեմ խաչակրաց արշավանքին» Գերմանիային միացած Ռումինիան, Հունգարիան և Բուլղարիան նույնպես ջախջախվեցին Կարմիր բանակի կողմից, և արդյունքում այս պետություններում հաստատվեց կոմունիստական իշխանություն: Կոմունիստական դաշինքին միացան նաև ֆաշիստներից ազատագրված Լեհաստանն ու Չեխոսլովակիան:

Պարբերականը նշում է նաև, որ առանց ֆաշիստների ներխուժման՝ այսօրվա Ռուսաստանի սահմաններն էլ այլ կլինեին: Արևելյան Պրուսիան, որի նախկին տարածքի վրա հիմա Ռուսաստանի Կալինինգրադի շրջանն է, կլիներ Գերմանիայի մաս:

Հոդվածի վերջում հեղինակը հիշեցնում է, որ 1939 թվականին աշխարհը բազմաբևեռ էր, և շատ պետություններ պայքարում էին իշխանության համար, իսկ 1945-ին աշխարհում կար երկու գերտերություն՝ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն, իսկ մյուսները ջախջախվել, գրավվել կամ ուժասպառ էին եղել:

Այս թեմայով
am