Արայիկ Հարությունյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Այսօր Շուշիում կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը, հայտնում է artsakhpress.am-ը:

Համագումարին ներկայացվել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Օրակարգում ընդգրկված էր նաև Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար նախագահի թեկնածուի առաջադրման, առաջադրված թեկնածուի կողմից ծրագրերի ներկայացման, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրությանը վերաբերող հարցերը:

Իր խոսքում «Ազատ Հայրենիք» կուսակցության համահիմնադիր Արթուր Թովմասյանն ասել է, որ համագումարը հնարավորություն է գնահատելու կատարած աշխատանքները և նախանշելու այն ծրագրերը, որոնք պետք է առաջնորդեն առաջիկա տարիներին:

Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը: Հաջորդիվ համագումարի մասնակիցներին է ներկայացվել Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար թեկնածուի ընտրության հարցը: Համագումարի բոլոր մասնակիցների կողմից միաձայն ընտրվել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կուսակիցների վստահությունն իսկապես պարտավորեցնող է:

«Ես ինձ իրավունք եմ վերապահում ընդառաջ գնալու կուսակիցներիս ցանկությանը: Այդ իրավունքն ինձ վերապահում եմ նախ և առաջ այն պատճառով, որ շուրջ մեկ տասնամյակ եղել եմ Արցախի վարչապետ և պետնախարար, ունեմ որոշակի հաջողություններով հարուստ պաշտոնավորման փորձառություն, շատ լավ եմ պատկերացնում մեր պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ինձ սատարում է ժողովրդի քվեին արժանացած, քաղաքական և մասնագիտական լուրջ փորձառություն ունեցող քաղաքական թիմը՝ պատրաստ եմ լիովին ստանձնելու այդ պատվաբեր պատասխանատվությունը՝ ամենից առաջ հաշվետու լինելով Արցախի քաղաքացուն»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը վերահաստատել է, որ իրենք գալիս ենք համակարգային խնդիրներ լուծելու, այլ ոչ թե դրանք հետագա սերունդներին թողնելու:

Այս թեմայով
am