Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է քաղաքական ճանապարհով որոշվի բանակցությունների ընթացքում. Լավրով

Ողջունում ենք սահմանին եւ շփման գծում համեմատական կայունության պահպանումը: Կարծում ենք, որ լարվածության հետագա նվազեցումը կկարողանար նպաստել այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որը կնպաստեր բանակցային գործընթացին, «Մեդիամաքս» գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի մասին հարցին, ապա այն դասվում է առավել բարդ հարցերի թվին, նշել է Սերգեյ Լավրովը:


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է քաղաքական ճանապարհով որոշվի բանակցությունների ընթացքում՝ իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտման հիման վրա: Այս աշխատանքի չափանիշները՝ ներառյալ կազմակերպական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Սերգեյ Լավրովը նաեւ պատասխանել է այն հարցին, թե ինքն արդյոք հնարավոր համարո՞ւմ է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերկենդանացումը՝ առանց այն կապելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եւ Ռուսաստանն արդյոք պատրա՞ստ է դրանում դերակատարում ունենալ:

«Մեկնաբանելով արձանագրությունների ստորագրման արդյունքները՝ ես մեր երկրի անունից հայտարարել եմ, որ Ռուսաստանը պատրաստ է այս գործընթացին աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հետ համագործակցության նախագծերի հետագա իրականացման միջոցով, առաջին հերթին՝ էներգետիկ եւ տրանսպորտա-հաղորդակցային ոլորտներում»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջին հերթին Երեւանի եւ Անկարայի երկկողմ օրակարգի հարց է:

«Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն այս ուղղությամբ աշխատել: Կարծում ենք, որ նման հնարավորություններ կան: Մեր կողմից պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ: Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների արագ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլոտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Երեւան:

Նրա խոսքով՝ այցի շրջանակում տեղի կունենան Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցեր:

Լավրովն այցի շրջանակում կայցելի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ պսակ կդնի ի հիշատակ անմեղ զոհերի:

Այս թեմայով
am