Ինքնասպանության փո՞րձ, թե պատահար. Վարդենիսում պապը 13-ամյա թոռանը գտել է գառ մաշկելու համար նախատեսված տեղից հակի թելով կախված

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 13-ամյա Ս. Զ.-ն է:

Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները կարողացել են երեխայի կյանքը փրկել՝ 2 ժամից ավելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո:

Արդեն ուշ ժամի, երեխային Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում, նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում, և պապը կարողացել է թելը շուտ կտրել և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, քանի որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի ուղղությամբ:

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս թեմայով
am