Մենք թույլ չենք տա, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա. Հովիկ Աղազարյան

Hraparak.am-ը գրում է.

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

- Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչներն ու նրանց միացած ուսանողներն անժամկետ նստացույց են սկսել նախարարության դիմաց, պահանջում են նախարարի հրաժարականը, պատճառների մասին էլ գիտեք, երեւի, վերջին ազդակը հայոց լեզու, հայ գրականություն ու հայոց պատմությունների՝ բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությունն է։

- Միանշանակորեն պաշտպանում եմ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի տեսակետը՝ նշված հարցի հետ կապված, որովհետեւ ես համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնք գոյություն ունեն, այն գիտելիքները, որոնք տալիս են, եւ երեխաները պատրաստ են ընկալել այդ գիտելիքները դպրոցական ծրագրերի շրջանակներում, լրիվ բավարար են մայրենի լեզվի համար անհրաժեշտ մակարդակ ունենալու, եթե դու հետագա կրթությունդ շարունակում ես ոչ պրոֆիլային ֆակուլտետում՝ ժուռնալիստիկա, հայ բանասիրություն եւ այլն, ապա այդ առարկաների հետագա ուսումնասիրությունը դառնում է ոչ օգտակար։

- Այսինքն՝ ո՞նց է երեւում այդ առարկաների ոչ օգտակարությունը։

- Ես Ձեզ ասեմ, որ ավարտել եմ Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցը, չեմ ասում, թե հայոց լեզվի ու գրականության ինչպիսի մակարդակ եմ ունեցել, բայց ռուսերենի իմաստով ես ունեցել եմ այն մակարդակը, որ չծառայելով խորհրդային բանակում, որովհետեւ այն ժամանակ մենք զինվորական ամբիոն ունեինք եւ երեք ամիս գնում էինք ծառայության ու լեյտենանտի կոչում էինք ստանում, այսինքն՝ ռուսերենի լրացուցիչ կրթություն չստանալով՝ ես ասպիրանտուրա եմ ընդունվել Մոսկվայում, ընդ որում՝ իմ գիտական ղեկավարը ընդամենը մի քանի սխալ գտավ իմ աշխատանքի մեջ։ Հետեւաբար, դպրոցից ստացած գիտելիքները լրիվ բավարար են հետագայում ոչ բազային ֆակուլտետ ընդունվող ուսանողների համար։

- Դե, Դուք երեւի հատուկ տաղանդ ունեք, բայց, միեւնույն է՝ ինչո՞վ պիտի ոչ օգտակար, ոչ պետքական լինի մայրենիի, հայոց պատմության ուսումնասիրությունը։

- Դա չի նշանակում ոչ պետքական, դա նշանակում է, որ  դպրոցական ծրագրերով նախատեսված ուսուցումը լրիվ բավարար է, ասենք, ինժեների համար, ֆիզիկոսի, ապագա մաթեմատիկոսի։ Ես մենակ իմ փորձից չեմ ասում, շփվում եմ ուսանողների հետ, տեսնում իրենց վերաբերմունքն այդ առարկաների նկատմամբ։ Ժամանակները փոխվում են, երեխաներն այսօր ավելի շատ կենտրոնանում են մասնագիտական ուղղվածությունների վրա։

- Դաշնակցականները, ԵՊՀ դասախոսներն ասում են, որ չի կարելի գնալ այդ ճանապարհով, հայապահպանության խնդիր ենք ունենալու հետագայում։

- Դասախոսների պահվածքը պարզ է, իրենք, ըստ էության,  համերաշխության, պրոֆեսիոնալ խանդի դիրքերից են ելնում, ոչ մեկ չի նսեմացնում ո՛չ իրենց, ո՛չ էլ հայոց լեզվի դերը, բայց պետք է ռեալ նայենք։ Ես չեմ կարծում, որ իրենց փաստարկները հիմնավոր են, ավելին կարծում եմ՝ հարցը շահարկվում է, ուղղորդված է։

- Ովքե՞ր են ուղղորդում եւ ինչո՞ւ։

- Մի պահ հասկանանք, թե որքան մարդ է այդ ակցիային մասնակցում, ամեն ինչ պարզ կդառնա։ Ես ուզում եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա երկու պատճառով․ ինքը՝ որպես անհատականություն, չի տա հրաժարական, երկրորդ՝  իր շրջապատը, որի մեջ մտնում եմ նաեւ ես, մենք թույլ չենք տա, որ հրաժարական տա, որովհետեւ ինքը մեծ ներդրում ունի, որոնք այսօր արվում են որոշ դեպքում ոչ պոպուլիստական, բայց դրանք հետագայում տալու են իրենց արդյունքները։

- Հրաժարականի պատճառներից մեկն էլ հայտնի սեռափոխված ծանրորդի մասին նկարահանվող ֆիլմին 20 միլիոն դրամի տրամադրումն է, «Հուզանք եւ զանգ»-ի ցուցադրությունը, որն ընկալվել է որպես ֆեմինիստա-ԼԳԲՏ-ական գետնաստրիպտիզ  եւ նման այլ բաներ։ Դուք մտածում եք, որ սրանք արդյունքնե՞ր են տալու հետագայում։

- Ես միայն կարող եմ ասել, որ մետրոյի մոտի ներկայացումն ինձ համար անընդունելի էր ձեւի մեջ, բովանդակության մեջ չեմ խորանում, ես ուրիշ խնդիր չունեմ բացարձակապես։ Իսկ ֆիլմի հետ կապված՝ ես ինչքանով որ տեղյակ եմ, ճապոնական ինչ-որ ընկերություն է որոշել ֆիլմ նկարել որպես չեմպիոնի, 200 միլիոն դրամի չափով գումար է հատկացրել եւ այդ համագործակցության շրջանակներում առաջարկել է, որ 20 միլիոնը տա մեր մշակույթի նախարարությունը․ պիտի այս տեսանկյունից դատենք, պետք չէ այլ բաներ ման գալ։

- Պարոն Աղազարյան, Ձեր երբեմնի գաղափարակից ընկերներն են այս ողջ գործընթացում վտանգներ տեսնում, Դուք էլ նախկին դաշնակցական եք եղել, կարծում եք, որ այս ամենը կե՞ղծ է, ուղղորդվա՞ծ։

- Գաղափարների իմաստով ես հիմա էլ եմ այդ գաղափարների կրողը։

- Դաշնակցակա՞ն գաղափարների։

- ․․․Ազգային, այդպես ասենք, հա, ես կրողն եմ, բայց այստեղ վիճելու խնդիր կա։ Ի վերջո, այստեղ խնդրահարույցն առարկաների մասով է, բայց օրենքում ասում է՝ բերեք թողնենք բուհերի հայեցողությանը, այն բուհը, որը գտնում է, որ այդ առարկաները շատ կարեւոր են, թող ինքը պահպանի։ Ուստի դրա համար եմ ասում, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի։ Ես վստահ եմ, որ բողոքի ակցիան երկար չի տեւի, եթե ուսանողներին այս ամենը բացատրեն, իրենք կընկալեն։

 

Այս թեմայով
am