Ողբերգական վթար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին

Այսօր երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Ղոչ աղբյուր» կոչվող հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ավելի քան 15 մետր բարձրությունից գլորվել ձորը։ Մեքենայում եղել է 4 մարդ, բոլորն էլ Գյումրու բնակիչներ են։

Պատահարի հետևանքով Անդրանիկ Խաչատրյանը տեղում մահացել է, մյուս 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վարորդը՝ Գյումրիի բնակիչ 25-ամյա Ռոման Պողոսյանը, տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, իսկ 24-ամյա Արթուր Սաքոյանն ու Ռաֆիկ Ամիրխանյանը՝ «Գյումրի» բժշկական կենտրոն։

Կենտրոնի հերթապահ վիրաբույժ Ռաֆիկ Տիտիրյանի խոսքերով՝ Արթուր Սաքոյանի վիճակը գնահատվում է բավարարին մոտ, իսկ Ռաֆիկ Ամիրխանյանը ստացել է դեմքի բազմաթիվ ջնջխված վերքեր, քթոսկրի, ճակատոսկրի կոտրվածքներ։ Նրանց հետազոտությունները դեռ ավարտված չեն։

Համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության պատասխանից միայն պարզ կլինի՝ Ռաֆիկի մոտ արդյո՞ք ներգանգային վնասում կա, թե ոչ։ Իսկ Ռոման Պողոսյանին Աշոցքի հիվանդանոցից տեղափոխելու էին «Գյումրի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց րոպեներ անց դեպքի վայրում էին Շիրակի մարզի փրկարարական վարչության Աշոցքի թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Մասնագետները հասնաքազրկել են վթարի ենթարկված մեքենան ու օգնել տուժածներին շտապօգնության մեքենա տեղափոխել։

Սա այն տարածքն է, որտեղ ավտովթարներ հաճախ են գրանցվում։ Ճանապարհաշինարարներն այս էլ քանի անգամ բետոնե արգելապատնեշներ են կառուցում, բայց դրանք անընդհատ վթարների հետևանքով ջարդում են մեքենաները։ Այս պատնեշները 25 օր առաջ ջարդել էր ,բեռնատարը, որին կցված 4 ավտոմեքենայով թրելյերը գլորվել էր ձորը։ Բարեբախտաբար, այդ ժամանակ տուժածներ չկային։

Դեպքի վայրում քննիչները հետաքննություն էին տանում։

Կարինե Կազարովա

Այս թեմայով
am