Գյուղապետի եղբոր «արկածները» Ագարակում. նա «06»-ով փլուզել է քաղաքացու տան պարիսպն ու դիմել փախուստի

Արագածոտնի մարզում նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Ագարակ գյուղում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, անհանգստացնում գյուղացիներին, երբեմն էլ ավտոմեքենան վարում մարդկանց ուղղությամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տաք հետքերով պարզել են այդ քաղաքացու ինքնությունը, և օպերատիվ խմբերը, արագ հասնելով Ագարակ գյուղ, այնտեղից ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանին՝ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 51 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով։

Արդեն բաժնում ոստիկանները պարզել են, որ Գ. Ավետիսյանը ոչ միայն անհանգստացրել է գյուղացիներին, որոնք սգո արարողության են մասնակցելիս եղել, այլ նաև իր ավտոմեքենայով հարվածել ու փլուզել է Ագարակ գյուղի 2-րդ փողոցի 47 տան բնակիչ՝ 49-ամյա Յուրա Սողոյանի տան պարիսպը։

Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկութուններով՝ «հերոս» Գ. Ավետիսյանը եղել է ոչ սթափ, իսկ նրա եղբայրը Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետն է։

Այս թեմայով
am