‹‹Արայիկ Հարությունյանը կանխամտածված ուզում է մեր ժողովրդին կտրել ազգային ինքնությունից››. Արծվիկ Մինասյան

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Տարոն Տոնոյանը և Աշոտ Սիմոնյանը հանդես եկան մամուլի ասուլիսով: Ասուլիսի նպատակն ըստ Արծվիկ Մինասյանի՝ վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի հրապարակային պահվածքն է:

‹‹Ըստ էության Արայիկ Հարությունյանը շատ պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականությունն է, այլ՝ ազգային գիտակցությունը, ազգային ինքնությունը: Ու պատահական չէ, որ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն առաջարկությունների, այն քաղաքականության վերաբերյալ, որը ԿԳՄՍ նախարարության և անձամբ Արայիկ Հարությունյանի կողմից դրվում է շրջանառության մեջ: Սա վկայում է այն մասին, որ այս մարդը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև կանխամտածված, օտարածին սպասարկում է իրականցնում՝ կտրել ազգային ինքնությունից մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը:

Խելացի իշխանությունը այսպիսի ընդվզումները ընդունում է որպես կարևոր ազդակ: Երիտասարդների պոռթկումը պետք է հասկանալ որպես երիտասարդների շնչառություն: Այսինքն կարող ենք արձանագրել նաև, որ այս իշխանությունը խելացի էլ չի:

Հաջորդ խնդիրը Արայիկ Հարությունյանի հրապարակային սպառնալիքների մասին է՝ կապված քրեական գործերի հետ: Ես հիմա հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի, բայց առնվազն երկու հոդված այստեղ կա, այլընտրանք ունի որոշելու:

Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի արտահայտած այս սպառնալիքները ունեն մեկ կարևոր նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու մի անձնավորության հետ, որը ցավոք Հայաստանի իշխանության վարկաբեկման, հեղինակազրկման գործընթաց է իրականացնում››,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Այս թեմայով
am