‹‹Կա շրջիկ ատամնաբուժարան, շրջիկ մերսման սրահ, շրջիկ վարսավիրանոց, այս հարցը պետք է օրենքով կարգավորվի››. Սիսակ Գաբրիելյան

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում խոսեց շրջանառության մեջ դրված Երևանում մեքենաներով կամ դրանց կցորդիչներով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող նախագծից:

‹‹Բուն նախագիծը կես տարուց ավել է քննարկվում  էր: Նմանատիպ մեկ այլ նախագիծ շրջանառության մեջ է դրվել Կառավարության կողմից, որը վերաբերում էր ընդհանրապես հանրապետության ամբողջ տարածքին, բայց քաղաքապետարանի մեր գործընկերների հետ համատեղ մենք մշակել ենք միայն Երևան քաղաքին վերաբերող նախագիծը:

Բովանդակությունը հետևյալն է. մենք բոլորս տեսնում ենք, որ այսօր քաղաքի տարբեր հատվածներում, պատմամշակութային շինություն համարվող շինությունների դիմաց, փողոցի բանուկ հատվածներում տեղակայված են մեքենաներ, որոնք իրականացնում են առևտուր, կամ մատուցում են որոշակի ծառայություններ՝ կա շրջիկ ատամնաբուժարան, շրջիկ մերսման սրահ, շրջիկ վարսավիրանոց, և այս պայմաններում օրենքի որոշակի բաց կա, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինը, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը լիազորություն չունի կարգավորելու այս իրավահարաբերությունները, հատկապես մշակելու ստանդարտներ, թե որ փողոցներում, որ հատվածներում, որ ժամերին, ինչպիսի տեսք պետք է ունենան այդ մեքենաները, ինչ ապրանքներ կարող են վաճառել, կամ ինչ ծառայություններ կարող են մատուցել: Եվ հենց այս օրենքի բացն էլ լրացնելու համար, ըստ էության, շրջանառության մեջ է դրվել իմ կողմից մի նախագիծ, որը քաղաքապետարանին, քաղաքապետին և Երևան համայնքի ավագանուն տալու է լիազորություն իրենք սահմանեն այն վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր, մատուցել ծառայություններ, որ ժամերին, և դրա համար էլ կսահմանվի որոշակի տեղական տուրք: Տուրքի գաղափարը շրջիկ առևտուր իրականացնողների կողմից նույպես ողջունվել է››,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Այս թեմայով
am