‹‹Ես Արսեն Թորոսյանի հայտարարությունը լուրջ չեմ ընդունել, որովհետև շատ մեծ վերապահումով նրան կարելի է գործկոմի անդամ համարել››. Մենուա Մեհրաբյան

Վերջին շրջանում կարծես թե խառնաշփոթ է ստեղծվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո, հավաքականի ղեկը վստահվեց Աբրահամ Խաշմանյանին:

ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակի և հավաքականի առաջիկա հանդիպումների մասին MegaNews.am-ը զրուցեց սպորտային մեկնաբան Մենուա Մեհրաբյանի հետ:

-Ըստ ձեզ, հավաքականի համար այս դժվար պահին,  որքանո՞վ էր ճիշտ Աբրահամ Խաշմանյանին գլխավոր մարզիչ նշանակելը:

-Այս պարագայում Խաշմանյանին վստահելը ճիշտ էր այնքանով, որ նախընտրական այս փուլի ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել: Կարճ ժամանակում հավաքականին պատրաստել կարող էր միայն տեղացի մասնագետ: Երկար ժամանակ է հավաքականի ղեկը վստահվել Խաշմանյանին:

Նա շատ հավակնոտ, մոտիվացնող, խիստ, պահանջկոտ ու նաև գրագետ մարզիչ է: Մեր հավաքականին այս պահին չի բավականացնում հենց խստությունը: Այս պարագայում մեզ համար ամենակատարյալ տարբերակը Աբրահամ Խաշմանյանն էր:

-Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվելու Ալեքսանդր Գրիգորյանը, սակայն ի վերջո պայմանագիր չկնքվեց նրա հետ, այս մասին ի՞նչ կասեք:

-Ռուսական կայքերն այս մասին ենթադրել էին, բայց իմ կարծիքով լավ էր, որ հավաքականը չվստահվեց Ալեքսնադր Գրիգորյանին: Ճիշտ է նա նույնպես աչքի է ընկնում խստությամբ, բայց եթե հաշվի առնենք մարզչական որակները, ապա կարող ենք ասել, որ Ալեքսանդր Գրիգորյանը զիջում է Աբրահամ Խաշմանյանին:

-Խոսելով  Արսեն Թորոսյանի՝ Խաշմանյանի նշանակման  հետ կապված հայտարարության մասին, կցանկանայի իմանալ որքանո՞վ էք  տեղին համարում:

-Արսեն Թորոսյանի գրառումը միանշանակ տեղին չէր: Ճիշտ է նա գործկոմի անդամ է, բայց պետք է ասեմ, որ գործկոմի անդամը պարտավոր է գործկոմի բոլոր նիստերին ներկա լինել, պարտավոր է անհանգստացած լինել հայկական ֆուտբոլով, ապրել հայկական ֆուտբոլով, որոշել հայկական ֆուտբոլի ապագան, այսինքն որևէ ներդրում փորձի ունենալ: Այս դեպքում իրեն իրավունք վերապահել արտահայտվել նման կերպ ֆեդերացիայի նախագահի որոշման առումով, կարծում եմ տեղին չէ բացարձակ: Իսկ ընդհանրապես, ասեմ, որ ֆեդերացիայի գործկոմի կազմը առավել քան չի համապատասխանում իր չափանիշներին: Իսկ Արսեն Թորոսյանի հայտարարությունը ես լուրջ չեմ ընդունել, որովհետև շատ մեծ վերապահումով նրան կարելի է գործկոմի անդամ համարել:

-Անդրադառնալով հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին, ի՞նչպես կգնահատեք մեր շանսերը:

-Ինչպես տեղեկացանք Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայելու է, և ըստ իս՝ դա շատ լավ է, որովհետև պետք է վերջապես սովորենք խաղալ առանց Մխիթարյանի: Սա նաև հրաշալի է հենց Աբրահամ Խաշմանյանի համար: Մի քանի տարի հետո Մխիթարյանի այլևս չի լինելու հավաքականում, և սա իրական հնարավորություն կտա սկսել թիմ կառուցել առանց նրա:

Իսկ ինչ վերաբերում է առաջիկա երկու հանդիպումներին, վստահ եմ, որ սպասելիքներ չունեն նույնիսկ ֆուտբոլիստները: Այս երկու հանդիպումները թողնենք մի կողմ, ես հույս ունեմ, որ հաջորդ ընտրական փուլի համար արդեն Հայաստանի հավաքականը կլինի որակապես նոր թիմ:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am