«Ժամանակին Ձեզ համար Ռ. Քոչարյանի գործն էլ էր անընդունելի». Անահիտ Բախշյանը՝ Վազգեն Մանուկյանին

«Ես ապրում եմ մի երկրում, որը մոտ է 1937 թվին: Ցանկացած ժողովրդի կարելի է հիմարացնել, բայց ոչ երկար ժամանակ: Հասարակությունը պետք է դիմադրի և նաև բացատրի իշխանություններին՝ այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար: Մենք թուլանալու ենք, հետ ենք գնում»,- Հանրային խորհրդի նոյեմբերի 7-ի նիստում հայտարարեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրան հարցով արձագանքեց ՀԽ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը. «Պարո՛ն Մանուկյան, Դուք նոր հեղափոխությո՞ւն եք առաջարկում», ինչին Վ. Մանուկյանը պատասխանեց. «Դիմադրել՝ չի նշանակում հեղափոխություն անել»: Ըստ Վ.Մանուկյանի՝ իր համար անընդունելի է Արա Բաբլոյանի դեմ քրեական գործ հարուցելը: Ա.Բախշյանն էլ հիշեցրեց. «Ժամանակին Ձեզ համար Ռ. Քոչարյանի գործն էլ էր անընդունելի»:

Հանրային խորհրդի գրեթե բոլոր անդամները պնդեցին, թե կառույցը անհրաժեշտ է: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ արդյունավետ կարող է լինել այն մարմինը, որն իշխանությունների կողմից արժանանում է պատշաճ վերաբերմունքի. շենքային պայմաններ և ֆինանսներ, դրանք խորհրդում դեռ չլուծված հարցեր են: Լ.Ալավերդյանի կարծիքով՝ հասարակական հնչեղություն ունեցող այս կամ այն խնդիրը պետք է հասցվի կառավարությանը հենց Հանրային խորհրդի միջոցով, ընդ որում՝ քաղաքակիրթ եղանակով և ոչ թե հայհոյանքներով:

«Բայց արի ու տես, որ փողոց փակելը կամ հայհոյելը կամ ճչալը դառնում է այն հակամշակույթը, որը մեր մեջ արմատավորվում է: Երբևէ չեմ մտածել, որ մեսրոպատառ հայոց լեզուն կօգտագործվի սոցցանցերով կանանց կողմից հայհոյանքը տարածելու համար»,- ասաց Լ.Ալավերդյանը:

ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանն էլ իր խոսքը հասցեագրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով, թե Հանրային խորհուրդն ավելորդ ու անիմաստ մարմին համարելուց առաջ հայաստանյան իշխանությունը նախ պետք է պատասխանի իրենց՝ կառավարությանն ուղարկած 11 նամակներին, հետո նոր գնահատական հնչեցնի կառույցի մասին:

Այս թեմայով
am