Կրակոցներ Քարակերտ գյուղում. ոստիկաններն այս պահին դեպքի վայրում են

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում այսօր տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ:

Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ ժամը 12-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕ-ի շենքում վիճաբանություն է տեղի ունեցել. «Այս պահին տեղեկություններն ստուգվում են, նյութեր են նախապատրաստվում»,- նշեց նա:

Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթանյանն էլ մեզ տեղեկացրեց, որ այս պահին դեպքի վայրում ամեն ինչ հանգիստ է, իրավապահ մարմիններն այնտեղ աշխատում են. «Ես դեպքի պահին գտնվում էի Արմավիրի մարզպետարանում: Այդ մասին իմացել եմ ոստիկանության աշխատակիցներից, ինձ զանգել են, ասել, ես շտապ հետ եմ եկել: Երբ հասել եմ դեպքի վայր, ոստիկանների աշխատակիցներից բացի ուրիշ մարդ չեմ տեսել»: Մեր այն հարցին, թե ինչ պատճառով է վիճաբանությունը եղել, գյուղապետը դժվարացավ պատասխանել. «Ասում են՝ վիճաբանություն է եղել այդտեղի աշխատողների հետ: Ես լսել եմ, որ ինչ-որ պետի տեղակալ են նշանակել, պատճառը դա է, բայց թե ինչու են նշանակել կամ ինչու են մարդիկ դեմ, ես չեմ կարող ասել: Ախր, Թալին ՋՕ-ն մեզ հետ կապ չունի, ընդամենը նրանց շենքը մեր վարչական շրջանում է, մենք նրանց հետ առնչություն չունենք, նրանք մեզ չեն էլ սպասարկում, որ շփում ունենամ, ճանաչեմ, իմանամ»:

Գյուղապետը մանրամասնեց, որ դեպքի վայրը գյուղից դուրս է, բավականին հեռու եւ գյուղացիները ոչ էլ իմացել են կատարվածի մասին. «Կրակոցների մասին էլ եմ ես ոստիկաններից լսել: Ինչ վերաբերում է տուժածներին, այդպիսիք չկան, լինեին՝ կիմանայինք»,- ասաց Մհեր Հարթանյանը:

Աղբյուրը՝ armtimes.com

Այս թեմայով
am