Այս տարի ո՞ր օրվանից է սկսվելու բուն զորակոչը. ՊՆ փոխնախարարը պարզաբանեց

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին նախագիծը:

«Պարոն վարչապետ, ասեմ, որ այս տարի նախատեսվում է բուն զորակոչը սկսել ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ից, հաշվի առնելով, որ  հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ չի լինում՝ ոչ աշխատանքային օրերի հետ կապված»,- նշեց Բալայանը, հավելելով, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները նախատեսում են սկսել նոյեմբերի 14-ից:

«Որոշման ընդունման հրատապությունը դրանում է կայանում»,- ասաց փոխնախարարը: Բալայանի խոսքով՝ նախագծի երկրորդ հավելվածով սահմանվում է զորակոչային հանրապետական հանձնաժողովի կազմը, իսկ երրորդ հավելվածով՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը. «Այս տարի մի նորություն ունենք, որ առաջարկել ենք ու շնորհակալ ենք առողջապահության նախարարության գործընկերներից, իրենց համաձայնությունն ունենք, որ նախագահելու է ոչ թե հանրապետության զինվորական կոմիսարն, այլ՝ առողջապահության նախարարի տեղակալը»:  

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ իրենք նախագծի երրրոդ հավելվածի հետ կապված մտահոգություն ունեն. «Եղել են որոշակի բանավոր քննարկումներ, որոնք չեն արձանագրվել, բանավոր քննարկումների ժամանակ քննարկված կամզը չի համապատասխանում նրան, ինչ որ այսօր նախագծի մեջ է ներառված, չենք պատրաստվում մեր համաձայնությունը տալ»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կարո՞ղ ենք այսպիսի մի լուծման գալ՝ ընդունենք որոշումը՝ հանձնարարելով, որ կազմի շուրջ համաձայնություն ձեռք բերվի եւ երբ որ համաձայնությունը լինի, միայն դրանից հետո ընդունելի լինի»:

Բալայանը նշեց, որ մինչեւ վարչապետի ստորագրմանը ներկայացնելը՝ կաշխատեն եւ համաձայնեցված տարբերակով կներկայացնեն ստորագրմանը:

«Ավելի ընդունելի տարբերակ է»,- ասաց վարչապետը։ 

Այսպիսով՝ կառավարությունը որոշեց 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել ձմեռային զորակոչ, իսկ 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ՝ զորացրում:

Այս թեմայով
am