‹‹Նույնիսկ ամենալավ հաստատությունը չի կարող փոխարինել ընտանիքին››. Արման Թաթոյան

Շարունակվում են 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեց երեխաների հետ կապված մի շարք խնդիրների մասին:

‹‹Երեխաների համար լավագույն վայրը քան ընտանիքն է, հնարավոր չէ գտնել, նույնիսկ ամենալավ հաստատությունը չի կարող փոխարինել ընտանիքին:  Երեխայի զարգացման համար լավագույն միջավայրը ընտանիքն է, բայց մենք ունենք այսօր գիշերօթիկ հաստատություններ, որոնք վերակազմակերպվեցին արդեն: Ունենք գիշերօթիկ հաստատություններ, և ոչ միայն գիշերօթիկ, որտեղ համակարգային խնդիրներ կան, որոնք տարիների կուտակման արդյունք են: Այդ հաստատություններում հաճախ ամեն ինչ հիմնված է անձնային բարեխղճության վրա: Պետական համակարգված քաղաքականություն այստեղ չի եղել, վերահսկողությունը բացակայել է, լուրջ խնդիրներ են եղել երեխաների հետ վերաբերմունքի հետ կապված: Մենք բացահայտել ենք օրինակ հարկադիր աշխատանքի դեպքեր, որոնք ուղարկել ենք իրավապահ մարմիններին, քննություն են տարվել և այլն:

Լուրջ խնդիր է, երբ մանկատանը երեխայի տարիքը լրանում է և այնտեղ շարունակում են ապրել օրինակ երեսունն անց մարդիկ. սա էլ լուրջ խնդիր է, որը պետք է լուծել: Լուրջ խնդիր է, որ այդտեղ գտնվում են սոցիալապես շատ անապահով վիճակում գտնվող երեխաներ, օրինակ ընտանիքը չունի բավարար միջոցներ երեխայի կարիքները հոգալու համար, երեխային ուղարկում են հատուկ հաստատություններ, օրինակ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ է մնում, որովհետև այնտեղ տաք է, երեխան կարողանում է սնվել: Սա ճիշտ մոտեցում չի:

Այս պարագայում, ես վերակազմակերպման պրոցեսը կարևորում եմ››,- ասաց Արման Թաթոյանը:

Այս թեմայով
am