«Սորոսի հիմնադրամի» նպատակների իրագործման համար կարևոր է բոլոր հոգևոր, ազգային, մարդկային, հուզական գաղափարների ու մոտեցումների մերժումը․ Անի Հովհաննիսյան

Analitik.am կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սորոսի հիմնադրամի» աշխատանքների կազմակերպմանն ու նծել,  որ այն բացառապես բիզնես է, և այդ ցանցը պարզապես փող է աշխատում՝  «թքած ունենալով, թե քանի հազար կամ միլիոն մարդ կարող է տուժել դրանից»

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սորոսի հիմնադրամի սփռվածությունն ամբողջ աշխարհում ուսումնասիրելիս առաջին հերթին զարմացնում է այդ ցանցի շատ կազմակերպված աշխատանքը: Նման աշխատելաոճ կապիտալիստական աշխարհում հատուկ է հիմնականում բիզնես կազմակերպություններին: Եթե ուսումնասիրենք աշխարհի տարբեր երկրներում պետական և մասնավոր հիմնարկները, կտեսնենք, որ համանման կառույցներ համեմատելիս, բիզնես կազմակերպությունները հաճախ ավելի կարգուկանոնով և կազմակերպված են աշխատում: Պատճառը պարզ է՝ բիզնեսը պետք է ավելի լավ աշխատի, որպեսզի գոյատևի:

Հենց այդ կազմակերպվածությունն էլ ստիպեց ինձ ավելի խորանալ և գտնել այն բոլոր ճյուղերը, որոնցով կապվում էր Սորոսի հիմնադրամը բիզնես կառույցների հետ: Սննդի, դեղերի արտադրության, թմրանյութերի՝ Ուրուգվայում, Կանադայում և ոչ միայն, Սորոսի կազմակերպությունները մարիխուանա են արտադրում և արտահանում, և մի շարք այլ ոլորտներում Սորոսի մասնակցությամբ կազմակերպությունները շատ հաջող կերպով միլիարդներ են աշխատում:

Այդ բիզնեսներն ուսումնասիրելիս էլ պարզ դարձավ նաև հաջողության գաղտնիքը. Սորոսի հիմնադրամ կոչեցյալը մի կողմից ծառայում է Սորոսի անձնական բիզնեսներն առաջ մղելուն, մյուս կողմից՝ պատվերներ կատարելուն: Առաջին կետի դեպքում ուղղակի իշխանություն է վերցնում երկրում կամ կարևոր օղակներում ներդնում իր մարդկանց և այդ կերպ սպառում իր արտադրանքն, իսկ երկրորդի դեպքում՝ հաշվի առնելով այն, որ շատ լավ տիրապետում է հասարակությանը կառավարելու փորձին, պատվիրատուի ցանկությամբ ցանկացած պետություն հենց ներսից քանդում է:

Այս սխեման շատ լավ աշխատել է բազմաթիվ երկրներում. օրինակ, Կանադայում Սորոսը տարիներ շարունակ ֆինանսավորել է մարիխուանայի օրինականացման քարոզչություն, օրինականացվելուց հետո էլ իրեն պատկանող կազմակերպությունները սկսել են այդ երկրում մարիխուանայի բիզնեսով զբաղվել: Այլ պատկեր է Սիրիայի դեպքում՝ երբեմնի հզոր պետությունն ու ազգն այն աստիճան քայքայվեց, որ տասնյակ տարիներ են պետք ուշքի գալու համար և դեռ հարց է՝ ուշքի կգա, թե ոչ:

Այս նպատակների իրագործման համար շատ կարևոր պայման է, որպեսզի մերժվեն բոլոր տեսակի հոգևոր, ազգային, մարդկային հուզական գաղափարներն ու մոտեցումները: Այդ հիմնադրամի շահերից չի բխում, որպեսզի ստեղծվի հոգևոր բաղադրիչ ունեցող արվեստի ստեղծագործություն, հակառակը՝ պետք է հնարավորինս պրիմիտիվ, ֆիզիկական ցանկության բավարարման, բնազդների մակարդակի ինչ-որ բան:

Սորոսի հիմնադրամի նպատակներին հակասում է, որ մարդիկ սկսեն գնահատել ընտանիքը, հայրենիքը, պետք է մարդիկ այնքան զոմբիացվեն, որ անեն ու մտածեն այն, ինչ դրվում է հիմնադրամի կողմից իրենց ուղեղում։ Պետք է առանց հասկանալու արվեստ համարեն աղբը, քարկոծեն մինչ այդ իրենց համար արժեք համարվող գաղափարները։ Ի վերջո, քանդելով ազգային, կրոնական, ընտանեկան և մնացած կարևոր արժեքային համակարգերը, հասարակությունը դառնում է ոչ միայն հեշտ կառավարվող, այլ նաև օգտակար Սորոսի բիզնեսների համար՝ դու արտադրում ես ոչ թե այն, ինչի պահանջարկ կա, այլ այն, ինչ քեզ է հարմար, իսկ իրենք սպառում են, որովհետև դու ես ստեղծում առաջարկն էլ, պահանջարկն էլ: Տնտեսական առումով այլևս հասարակությունից կախվածություն չկա։

Չոր կապիտալիստական հաշվարկ, որն ընդհանուր առմամբ տեղավորվում է գլոբալիզացիայի տրամաբանության մեջ, բայց կարող է սրբել-տանել աշխարհի երեսից պետություններ ու ազգեր, ինչն այդքան էլ հետաքրքիր չէ Սորոսին։

Սորոսի հիմնադրամին շատ լավ բնութագրում է «ничего личного только бизнес» արտահայտությունը: Փաստացի այդ ցանցն ընդամենը փող է աշխատում և թքած ունի,թե քանի հազար կամ միլիոն մարդ կարող է տուժել դրանից:

Այս շատ վտանգավոր ցանցից, որում մենք արդեն հայտնվել ենք, գոնե քիչ վնասով դուրս գալու երկու տարբերակ ունենք՝ վատագույն դեպքում հիմնադրամի գործունեությունը խիստ սահմանափակելն է, լավագույն դեպքում՝ ուղղակի երկրից վտարելը»։

Այս թեմայով
am