«Հանրապետականները, որոնք մեր մոտ էին, հիմա ծառայում են Նիկոլին». Գալուստ Սահակյան

Այսօր Factor TV-ի եթերում ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ

երբեմն-երբեմն հետևում է ներկայիս խորհրդարանի աշխատանքներին. «Ես գտնում եմ, որ դա խորհրդարան չի, չի կարող խորհրդարան լինել։ Իմիջիայլոց՝ գտնում եմ, որ լրագրողներն ավելի շատ խորհրդարանի աշխատողներ են, քան խորհրդարանը։ Մի քանի քաղաքական գործիչներ կան, մնացածն իրենց պահում են այնպես, ասես ամբողջ կյանքը պայքարել են ազգի նորարարությունների համար, և հիմա արդեն դարձել են քաղաքական գործիչներ և փորձում են ասել իրենց մտքերը։ Այդ մտքերը սովորական, հասարակ, ոչ քաղաքական են, պարզապես պրոցեսների մեջ են, տարօրինակ՝ այս բառը մի փոքր չակերտների մեջ ասեմ, այլ եզրակացություններ ունեցող անձնավորություններ են: Այն թիմը, որը պետք է միասնական հանդես գա, խոսքը քաղաքական մեծամասնության մասին է, այդ թիմը դեռևս չի երևում։ Այնտեղ նախևառաջ պետք է մի քանի լավ քաղաքական գործիչ լիներ, որպեսզի մնացած թիմը հնարավորություն ունենար այն ասել, ինչ անհրաժեշտ է իրեն։ Կապ չունի՝ այդ ասելիքը մեզ բավարարո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Եթե մի խորհրդարանում ընդհանրապես Ղարաբաղի մասին չեն խոսում, երբեմն արժանավոր մարդկանց տարեդարձները չեն հաղորդում, չեն խոսում Ադրբեջանի մասին, չեն խոսում մեր արտաքին կապերի մասին, մարդիկ են, որոնք պարզապես գալիս-գնում են»,- ասել է Սահակյանը:

Հարցին, թե այս խորհրդարանում տեսնո՞ւմ է Միհրան Պողոսյանի, Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի մասշտաբի գործիչների, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Եթե այս խորհրդարանում Ձեր ասած մարդկանցից լիներ, կարծում եմ՝ ավելի յուրահատուկ կլիներ։ Ե՛վ նա պետք է լինի, և՛ նա պետք է լինի, ինչպես աշխարհի բոլոր խորհրդարաններում։ Այստեղ ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը կա։ Սա խորհրդարան չի, առավել ևս՝ դրա հետ կապված չի աշխատում Կառավարությունը։ Այսօր իշխանության մեջ աշխատում է միայն Նիկոլը։ Ե՛վ աշխատում է, և՛ խոսում է խնդիրների մասին»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի արած հայատարարությանըձերբակալության մասին՝ Սահակյանն ասել է. «Ժամանակ առ ժամանակ գալիս է նման հարց, որ ուզում են ձերբակալել։ Նա ձերբակալությունից չի վախենում, այդ պատճառով ասաց, թե ինչից է վախենում։ Ա՛յ, եթե իրեն ձերբակալեն, որ Ղարաբաղն ազատված լինի, որ մեր ժողովուրդը լավ կապրի, ինքը մենակ դրանից է վախենում։ Ձերբակալությունից չի վախենում և չի էլ վախենալու։ Հիշե՛ք, հանրապետականները ձերբակալությունից չեն վախենում։ Հանրապետականները, որոնք մեր մոտ էին, հիմա ծառայում են Նիկոլին, մնացել են այն հանրապետականները, որոնք հանրապետական են եղել և գնում են առաջ»:

Այս թեմայով
am