Նախարարի հրաժարականի հարցը չենք քննարկել, բայց դեմ ենք հայկականի դեմ այս պայքարին. Տոնոյան

«Այսօր տարատեսակ արևմտյան արատավոր բարքերի ներհոսքի պայմաններում մենք խնդիր ունենք մեր ազգային ինքնության պահպանման անհրաժեշտությունն առավել քան երբևէ կարևորելու և դրա վրա ուշադրություն դարձնելու»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բարձրագույն ոսումնական հաստատություններում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմությոն առարկաների ոչ պարտադիր դարձնելուն՝ ասաց ԱԺ «Բարգավաճ հայաստան» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ իր համար անընդունելի է պարտադիր ուսումնական ցանկից հանել երեք այնպիսի առարկաներ, որոնք երեքն էլ սկսվում են հայ բառով։

«Ես չեմ հասկանում հայոցի, հայկականի հետ կապված այս պայքարի իմաստը։ Կուրորեն գնալ արևմտյան բարքերի հետևից և գիծ քաշել հայոց լեզու, պատմություն և գրականություն առարկաների վրա։ Ես սրա հետ կապված ունեմ լուրջ մտահոգություններ, քանի որ ինձ համար շատ թույլ են այն հիմնավորումները, թե միջնակարգ ուսումնական հաստատություններում բավարար չափով այս առարկաները սովորում են և արդեն ԲՈՒՀ-ում նրանց պարտադիր, գոնե 2 կիսամյակ, ուսուցման հարմարությունն այս օրենքը չի նախատեսում։ Հենց ԲՈՒՀ-երում են ձևավորվում ապագա քաղաքացիները և ինձ համար կարևւորվում են այս երեք առարկաների պարտադիր ուսուցումը՝ գոնե երկու կիսամյակ».-շեշտեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այսօր բազմաթիվ պաշտոնյաներ ունենք, որոնք նույնիսկ մեր օրհներգի հեղինակին, դրոշի գույների նշանակությունը չգիտեն և դա պետք է բավարար ցուցիչ լինի, թե մեզ համար ինչքան կարևոր է այն։

«Իհարկե հասկանում եմ, որ անհրաժեշտություն կա համաշխարհային գործընթացներին համընթաց քայլելու, սակայն իմ վստահ համոզմամբ մեկը մյուսին ամենևին չի բացառում։ Սա իմ անձնական դիրքորոշումն է, տարբեր առիթներով խոսել եմ դրա մասին և շարունակում եմ մնալ այդ համոզմանը։ Պետք է այս մոտեցումը վերանայել և մինչև այս նախագիծը քննարկման առարկա դարձնելը, այս հարցը միանշանակորեն օրենքի նախագծի հեղինակների կողմից պետք է վերանայվի»,-հավելեց նա։

Հարցին, թե եթե այս նախագիծը հայտնվի Աժ-ում, ապա դեմ կքվեարկեն, Տոնոյանը պատասխանեց. «Խմբակցությունում դեռ նման քննարկում չենք ունեցել։ Մեր խմբակցությունում բազմաթիվ պատգամավորներ կան, որոնց հետ այս թեմայի շուրջ զրույց եմ ունեցել, և նրանց դիրքորոշումը ևս համահունչ է իմ հնչեցրած տեսակետներին։ Սակայն գլոբալ առումով մենք քվեարկության հետ կապված քննարկում չենք ունեցել։ Երբ օրենքը վերջնական տեսքով կներկայացվի խորհրդարանի դատին, այդ ժամանակ քննարկում կունենանք և խմբակցության կարծիքը հիմնավորված և փաստերով կներկայացնենք։ առիթ ունեցել եմ խոսելու որոտի մասնագետների, ամբիոնի վարիչների հետ, ովքեր միաբերան փաստում են, որ այս առարկաների պարտադիր ուսուցանումն այլընտրանք չպետք է ունենա»։

Դիտարկմանը, թե այսօր ուսանողները դասադուլ են արել, վաղն էլ ակցիա է նախատեսված Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահով, այս պահին նման անհրաժեշտություն տեսնում եք, Տոնոյանը նկատեց. «Նմանատիպ ակցիաները ևս մեկ անգամ փաստում են իմ քաշած փաստերի ճշմարտացիությունը։ Նախարարի հրաժարականի հետ կապված քննարկում չենք ունեցել, պարզապես պետք է ականջալուր լինել հանրային կարծիքին։ Որևէ մեկը մյուսի ձախողումը չի ցանկանում և մեր հնչեցրած մտահոգությունները բացառապես սխալ ուղիով գնալու հանգամանքը մատնանշելու նպատակ են հետապնդում։ Քանի դեռ ուշ չէ, այդ գործելակերպը վերանայելու հնարավորություն է ընձեռնված»։

Այս թեմայով
am