Ինչպե՞ս կարելի է մի ամբողջ ժողովրդի անունից որոշումներ կայացնել

«Կարդում եմ Ֆեյսբուքում մեկի գրառումը՝ ուղղված պետական պաշտոնյաներից մեկին․ «Պարոն այսինչյան, դուխով, ամբողջ սփյուռքը ձեր հետ է»։ Նայում եմ վարչապետի ինչ-որ լայվի «քոմենթները»․ «Վարչապետ ջան, հայ ազգը քո հետ է»։ Հետո լսում եմ վարչապետին, մյուս պաշտոնյաներին, բոլորը խոսում են ժողովրդի անունից։ Բոլորը, պարզվում է, ժողովրդին են ներկայացնում, ժողովուրդն իրենք են։

Ներս է մտնում փոստատարը, նամակ է բերում՝ այսինչ հիմնարկի մի խումբ աշխատակիցների անունից։ Այս ի՞նչ հիվանդություն է ժողովրդի կամ մարդկանց խմբի անունից հանդես գալը։ Միթե այսպես արտահայտվողները չեն հասկանում, որ մարդիկ իրենց չեն լիազորել կարծիք հայտնելու կամ որոշումներ կայացնելու, կամ նամակներ գրելու։ Անգամ մարդկանց սահմանափակ խմբի անունից հանդես գալն է անպատեհ ու տգեղ, անբարոյական ու անօրինական, ուր մնաց՝ ողջ ժողովրդի։

Չէ որ որևէ անձի անունից ինչ-որ գործողություն կատարելիս՝ լինի նրա շահերը դատարանում, նոտարիատում, բանկում ներկայացնելը կամ որևէ այլ գործարք, օրենքով սահմանված կարգով լիազորագիր է տրվում այն անձին, ով հանդես է գալու լիազորողի անունից։

Ինչպե՞ս կարելի է մի ամբողջ ժողովրդի անունից սեր խոստովանել, սպառնալիքներ հնչեցնել, եզրակացություններ ու գնահատականներ տալ, որոշումներ կայացնել։ Սովետմիությունը վաղուց դադարել է գոյություն ունենալուց, բայց կոլեկտիվ մտածողությունն ու համահարթեցումը մնացել են մեր գիտակցության մեջ ամրագրված։ Դրանից էլ՝ անստորագիր ու կոլեկտիվի անունից գրված նամակները, ողջ սփյուռքի ու ամբողջ հայ ժողովրդի անունից հանդես գալու հիվանդությունը։ Ե՞րբ ենք մենք գիտակցելու, որ յուրաքանչյուր անհատականություն արժեք է, և նրան ամբողջի մասը դարձնելու համար նրա թույլտվությունն է անհրաժեշտ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am