Ներկայացումը սատանիզմի հետ ոչ մի կապ չունի. ավագանու անդամը՝ այսօրվա միջադեպին իր մասնակցության մասին. ArmDaily.am

Ինչպես արդեն հայտնել էինք  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի մոտ տեղի ունեցած միջադեպից և գրել, որ զելյոնկա են լցրել ավագանու «Իմ քայլը» անդամ Հասմիկ Խաչունցի վրա, ով մասնակցել է այնտեղ բեմադրված ներկայացմանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Հասմիկ Խաչունցը ասաց, որ իրոք նա այնտեղ է եղել, մասնակցել է ներկայացմանը, տեսանյութում էլ ինքն է։ «Ներկայացումը սատանիզմի հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Խաչունցը։

Ավելի վաղ, Խաչունցը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչ ներկայացում է բեմադրվել և ինչին է այն միտված։

«Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով և Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։

Ֆուտուրիզմ պոեզիան ապագայի ձայնն է այն անցյալում, որը գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը՝ կայանելով ստեղծագործական աշխատանք, մարդկանցից կազմված շարժվող լաբորատորիայի փորձարկումներ և կնոջ մարմնի հանրային ներկայության ազատագրում՝ արվեստ անելով։

Հուզանք ու զանգը հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը։

Հասմիկ Թանգյանը հռչակում է ներկայություն պարագրությամբ,
Լիլիթ Պետրոսյանը բառագրում է ռիթմի հաճախականություններում, ՔոՔոԼաբ դպրոցի ուսանողները փորձարկում են տարածքը,
Ալբերտ Գրիգորյանը նկարում է ճարտարապետության և հագուստի խոսակցության կոմպոզիցիայով,

Կայ Խաչատրյանը ձայնակցում է էլեկտրոնային լեզվի ռիթմով, Սաթենիկ Հովսեփյանը փաստագրում է լուսանկարչական ապարատի աչքով,
Նվարդ Երկանյանը անդրադառնում և վերաձևակերպում է 1920-ականների տառային պաստառների մոտեցումները։

Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երևանում գտնվող գերմանացի վիզուալ և պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։

Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»,- գրել է ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում լարված իրավիճակ էր: Մի կողմում Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդներն էին, մյուս կողմում' կողմնակիցները: Ոստիկանները պարբերաբար ստիպված էին լինում բախումները կանխել:

Բախումները այն մակարդակի էին հասել, որ կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը «զելյոնկա» լցրեց կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա, այնուհետև սկսեց հարվածել։

Այս թեմայով
am