«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Երևանում, մեծ իրադարձություն է». Տիգրան Մանսուրյան

Նոյեմբերը 1-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկոյով մեկնարկեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցան իտալացի մեծահամբավ թավջութակահար Մարիո Բրունելոն և ջութակահար Շուշան Սիրանոսյանը՝ կատարելով Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Մաեստրո Մանսուրյանն ընդգծեց, թե ուրախ է, որ Հայաստանում անցկացվում է նման մեծամասշտաբ փառատոն։ «Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Երևանում, մեծ իրադարձություն է։ Կատարողական մեծ վարպետություն ունեցող մենակատարներ են հանդես գալիս։ Մարիո Բրունելոն փառահեղ թավջութակահար է, իր գործի իսկական վարպետ։ Շուշան Սիրանոսյանը մեր ժամանակների ջութակի վարպետների թվում իր պատվավոր տեղն ունի։ Շատ սիրում եմ Շուշանի նվագը»,- ասաց մաեստրո Մանսուրյանը՝ հավելելով, որ համերգային ծրագիրն ընտրել է ինքը նվագախմբի հետ համագործակցաբար։

Ջութակահար Շուշան Սիրանոսյանը տեղեկացրեց, որ Մանսուրյանի Ջութակի թիվ 1 կոնցերտն արդեն իսկ կատարել է Եվրոպայում և շատ ուրախ է, որ այն ներկայացնում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում ու հատկապես հեղինակի առջև։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաև չորս հատված Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից։

Այս թեմայով
am