Հայ արիները նշեցին Միհրադարձը

Մինչեւ 2018-ի հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան տոնը, ձմեռային արեւադարձից կամ արեւագալից՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ից սկսած մինչեւ մինչեւ դեկտեմբերի 26-ը հայոց հավատի հետեւորդները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը:

Ամեն տարի այս օրը՝ դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Միհրական օրերի գլխավոր ծեսն է արվում՝ Միհրադարձի ծեսը:

Ճիշտ ծեգի պահին Միհրադարձի ծեսը սկսվեց Գառնո ձորում՝ խոյապարով՝ Քոչարիով՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարաշարքն, ինչպես բացված ութանկյուն, դեմքով դեպի արեւելքն էր: Ութանկյուն էր՝ ի նշան Հայոց աստվածային համակարգի ութ Աստվածների եւ բացված՝ ի նշան տոնի գլխավորի՝ Միհր Աստծո:

Երբ պարն ավարտվեց, պարաշարքի ութանկյան բացված մասից ներս մտնելով՝ ՀԱՄ առաջնորդ եւ  համախմբված հայ ազգայնականների գործերի կարգավար Արմեն Ավետիսյանը Ջահավառումն արեց: Աշտանակի վրա փայտերը նույնպես դրված էին ութանկյան ձեւով: Ջահավառումն ուղեկցվեց ձոնով՝ առ Միհր Աստված:

Ձոնին հետեւեց գինեխումի ծեսը:  Սա մի ծես է, երբ քրմերը գինին ճաշակում են մի մեծ գավից՝ միասին երդում տալով Հայոց արդարադատության Աստծուն՝ աչքի լույսի պես պահել Արդարության ու Ճշմարտության պատվիրանները՝ փոխադարձաբար խնդրելով Միհրին, որ աջակցի հայ արիների, հայ տեսակի բոլոր այն ջանքերին, որոնք գործադրվում են ի նպաստ Հայրենիքի ու Ազգի բարօրության:

Ծեսն ավարտվեց աքաղաղի կանչով՝ ի նշան Միհրի վերադարձի՝ Արդարության ու Ճշմարտության ծննդի: Այս ծնունդով  նոր լույս է բացվում Հայոց աշխարհում: Աքաղաղը բաց թողնվեց՝ նոր օջախ գտնելու ու այդ օջախին Միհրադարձն ավետելու օրհնությամբ…              

Ծանոթագրություն - …Նշենք, որ Հայոց Միհր Աստծո պաշտամունքի հենքի վրա ձեւավորվում է մի ինքնատիպ կրոնափիլիսոփայական համակարգ` Միհրականությունը։ Այն ինչպես կրոն կամ կենսափիլիսոփայություն, ներթափանցեց արեւմտյան մտածողության ամենատարբեր շերտերը։ Արեւելյան ծագմամբ համարվող Միհրը դարձավ արեւմուտքի կրոնափիլիսոփայական պահանջները բավարարող տեսություն։ Միհրականությունը պատմության մի ընթացքում բացառիկ դեր է խաղացել Հռոմի կյանքում։

Այս դավանանքը թափանցեց անգամ կայսրերի հոգեկերտվածքի մեջ։ Արեւմուտքում Միհրականության վարդապետությունը կրում էր հունահռոմեական փիլիսոփայական մտքի ազդեցությունը (հայկական ու հայադավան ամեն բան ավելի վաղ ժամանակներից սկսված փակի տակ էր դրվել)…

Արեւելքին բնորոշ խորհրդաբանական իմաստը պահպանվեց Միհրականության մեջ եւ գերմանացի փիլիսոփա Հեգելը Տամպլիերների օրդենի՝ միաբանության խորհրդապաշտության արմատները գտավ հենց Միհրականության տանող ուղղության մեջ։ Եվրոպական լուսավորյալների բազմաթիվ շարժումներ, միություններ եւ միաբանություններ եւս որդեգրեցին Միհրականության լուսաբեր, արեւային լույս աստվածության գործառույթները

Ի վերջո պիտի ասել, որ Միհր Աստծո պաշտամունքային բազմաթիվ տարրեր նախապես որդեգրվել էր քրիստոնեությքան կողմից եւ հատկապես Տիեզերական արդարադատութան լույսի եւ Արեւ-Աստծո կերպարները որոշակի այլաբանությամբ վերագրվել է նաեւ Հիսուս Քրիստոսին, որպես աստվածային լույս բերող մարդ-աստվածության

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

25.12.2017 թվական

Գառնի-Երեւան

Այս թեմայով
am