Ազգային ժողովը մերժեց ուսանողների կրթաթոշակները բազմապատկելու նախագիծը

Ազգային ժողովի այսօրվա քվեարկությամբ մերժվեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի այն նախագիծը, որով առաջարկվում էր ուսանողների 5000 և 6000 դրամ կրթաթոշակները հասցնել համապատասխանաբար 20․000  և 30․000 դրամի։

Իշխանական մեծամասնության կողմից մերժման հիմքերից մեկն այն էր, որ եթե այդքան բարձրացվել կրթաթոշակները, ապա 1,9 միլիարդ դրամի փոխարեն պետբյուջեի վրա այդ ծախսը կնստի մոտ 10 միլիարդ դրամի չափով։ Մեկ այլ մոտեցում այն էր, որ եթե գերազանց և բարձր առաջադիմությամբ սովորողների վարձավճարները վճարում է պետությունը, ապա կրթաթոշակի բարձրացումը կրկնակի խրախուսում կլինի, ինչն արդյունավետ չէ։

Այլընտրանքային մոտեցում առաջարկեց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ուսանողներին ոչ թե գումար տալ կրթաթոշակի ձևով, այլ թանգարանի կամ մարզասրահի աբոնեմենտ՝ կրթությունը խրախուսելու համար։

Այնուամենայնիվ, այս նախագիծը դեմ ձայների մեծ թվով դուրս մղվեց ԱԺ օրակարգից և քննարկման չարժանացավ։

Այս թեմայով
am